Բազմակի ավելին, որ Բաքվին տալիս է Փաշինյանը

«Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ 29 743 քկմ մեջ Քյարքին, ինչպես նաեւ մյուս անկլավները չեն մտել, այլ ընդհակառակը, մտել է Արծվաշենը։ Հիմա նրանք, ովքեր ասում են՝ չէ, մենք թույլ չենք տալու, հրահրում են պատերազմ», -հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Տիգրանաշենի հարցին եւ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորների՝ գյուղ կատարած այցին։

Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է պատերազմով, դիմում շանտաժի։ Դա փաստարկի բացակայության հետեւանքն է։ Նիկոլ Փաշինյանը չունի փաստարկ, մնում է սպառնալ պատերազմով, երբ բարձրաձայնվում է Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու անթույլատրելիության մասին։ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում, թե որն է Ադրբեջանի «իրավունքի» հիմքը։ Նրա հայտարարությունը, թե Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 կմ է, որեւէ կերպ չի կարող համարվել Տիգրանաշենի կամ որեւէ այսպես ասած՝ «անկլավի» նկատմամբ Ադրբեջանի իրավունքի հիմք։

Բայց այս պարագայում հարցը նույնիսկ այդ հիմքը չէ։ Հարցն այն է, որ Հայաստանի վարչապետը հետեւողականորեն դնում է Հայաստանի Հանրապետությունը «հավերժական շանտաժի» ներքո պահելու հիմքը։ Նա լեգիտիմացնում է Հայաստանի հանդեպ շանտաժի լեզուն, այն էլ միջազգային մի այնպիսի բարդ իրավիճակում, երբ մեծ անորոշություն է գլոբալ մակարդակով։

Իրադարձությունները զարգանում են շատ արագ, արագորեն փոխվում են աշխարհաքաղաքական հոսանքները, ցիկլոններին արագ հաջորդում են անտիցիկլոններ, ու այս պայմաններում Հայաստանի Հանրապետության վարչապետը փաստացի լեգիտիմացնում է Հայաստանի հանդեպ շանտաժով խոսելը։

Եթե ինքը այդպես է խոսում հանրության այն մասի հետ, որը համաձայն չէ իր քաղաքականությանը, ապա կարելի է չկասկածել, որ Ադրբեջանն էլ այդպես է խոսելու հենց Նիկոլ Փաշինյանի հետ։ Կամ, ավելի շուտ՝ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի հետ խոսում է այդպես՝ շանտաժով, եւ Փաշինյանը չունենալով դրան հակադարձելու եւ ոչ մի տարբերակ, դիվանագիտական հմտություն, իր հերթին շանտաժի լեզվով է խոսում արդեն Հայաստանի հասարակության հետ։

Այդպես նա ձեւավորում է Հայաստանի հանդեպ շանտաժի՝ Ադրբեջանի իրավունքը։ Տալ Ադրբեջանին Հայաստանի հանդեպ շանտաժի իրավունքը, նշանակում է տալ բազմակի անգամ ավելին, քան որեւէ «անկլավ»։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment