Պապոյան․ ՀՀ բողոքի վերաբերյալ ԵՏՀ որոշումը կոնսենսուս է պահանջում (PAN.am)

Ռուսական սահմանափակումների դեմ Հայաստանի բողոքի քննարկումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) նախատեսվում է հոկտեմբերին, իսկ համապատասխան որոշման ընդունման համար պահանջվելու է կոնսենսուս։ Այդ մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում է «Ազատությունը»:

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագման ապրանքների տեղափոխման ժամանակ գործող սահմանափակումները խոչընդոտ ճանաչելու նպատակով: Տեղեկություն չի հրապարակվել՝ նախորդ տարիներին Հայաստանը նմանատիպ բողոքներ ներկայացրե՞լ է ԵՏՀ-ին, թե ոչ, սակայն առաջին անգամ է այսպիսի դիմումի մասին հրապարակային հայտարարություն արվել:

«Ռուսաստանի սահմանափակումների հետ կապված նիստը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նախատեսված է հոկտեմբերին: Բայց եթե որոշ դիմումների դեպքում, օրինակ, 8 կողմ, 2 դեմ ձայներով կարող է որոշում ընդունվել, ապա այս դեպքում կոնսենսուս է անհրաժեշտ. եթե մի երկիր էլ վետո դնի կամ չհամաձայնի, որոշումը չի ընդունվի: Այսինքն՝ հեշտ չէ նման որոշում ընդունել»,- մանրամասնել է նախարարը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կազմված է 10 անդամից, այսինքն՝ անդամ յուրաքանչյուր երկրից ներկայացված է երկու ներկայացուցիչ։ Կոլեգիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ղազախստանի նախկին վարչապետ Բակիջան Սագինտաևը, իսկ Հայաստանը ներկայացնում են տարբեր գերատեսչություններում նախկինում աշխատած Գոհար Բարսեղյանն ու Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Այսպիսով, որոշման ընդունման համար անհրաժեշտ է լինելու նաև սահմանափակումները կիրառած երկրի՝ Ռուսաստանի համաձայնությունը:

Պապոյանը հայտնել է նաև, որ վերջին ամիսների ընթացքում, այս դիմումից բացի, ԵՏՀ են ներկայացվել նաև այլ դիմումներ, որոնցից մեկի վերաբերյալ, նրա խոսքով, անցնող օրերին արդեն որոշում է ընդունվել:

«Մեկ դրվագով, որը ոչ թե սահմանափակումների, այլ սերտիֆիկատների հարցով է, ԵՏՄ հանձնաժողովը Ռուսաստանի մի գործողություն 8 կողմ, 2 դեմ ձայներով ճանաչել է որպես բարիեր, բայց այդ որոշումը վերջնական չէ. վերջին խոսքը վարչապետներինն է, այսինքն՝ բավական բարդ համակարգ է», – նշել է էկոնոմիկայի նախարարը:

Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ սկսել է կիրառել հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սահմանափակումների տակ հայտնված ապրանքների ցանկը պարբերաբար համալրվել է։ Հայաստանի պաշտոնյաներն ամիսներ առաջ համոզված են եղել, որ խնդիրը լուծում է ստանալու, սակայն իրավիճակը չի փոխվել նույնիսկ սեպտեմբերի սկզբին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո։

Leave a comment