«Մեր պետություն ու հանրությունը բացարձակ սխալ ճանապարհով է գնում այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով»,- «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նա նշեց՝ որպես հանձնաժողով խնդիր են դրել ինչ-որ կերպ կարողանալ ազդել այդ գործընթացների վրա․ «Ինչ-որ տեղ կանխարգելիչ դեր կատարել ոչ միայն հանրային իրազեկության մակարդակը բարձրացնելու առումով։ Հանրային քննարկումներում հաճախ նկատում ենք դրսևորումներ, որ այդ խախտումները՝ որպես սովորական երևույթ են ընկալվում, այլ ոչ թե դիտարկվում՝ որպես խախտում։ Թույլ չպետք է տանք, որ մեր հանրությանը կարողանան շփոթության մեջ դնել և դրանով իսկ այս իշխանությունների կողմից տարածվող այս տպավորությունը շարունակել՝ այսինքն՝ իրենց հնարավոր չէ որևէ կերպ պատժել։ Այս կանխարգելիչ մեխանիզմի կարևորագույն մաս են միջազգային կառույցները և կազմակերպությունները։
Հաճախ այս իշխանության տարբեր ներկայացուցիչներից լսում ենք, որ մենք զեկույցներում չենք տեսնում քաղբանտարկյալ գնահատականը, և դա հիմնավորվում է ինչպես արևմտյան այսօրվա գործընկերների՝ այս իշխանություններին տրված ինդուլգենցիայով իրենց քաղաքականության նպատակին հասնելու նպատակով, բայց նաև տարբեր կազմակերպություններին ներկայացվող փաստերի պակասով, ինչին հաճախ մեր ընդդիմադիր պատգամավորներն առնչվում են։
Այս զեկույցն իրենց ձեռքին ևս կարող է գործիք դառնալ այդ պահանջատիրության, մեր հանրության իրազեկվածության բարձրացման առումով և հանրության՝ այդ խախտումների հանդեպ անհանդուրժողականության մակարդակի բարձրացման առումով։ Դա կարող է դառնալ այն հակակշիռը, որը թույլ չի տա իշխանություններին սանձարձակ կերպով իրենց ցանկություններն իրականացնել։ Այս առումով կարևոր է միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը»։
«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: