Սամվել Կարապետյանի եւ մյուսների գործով մի վկան մեղադրյալներից մեկի կինն էր, մյուս երկուսը չէին ներկայացել դատարան

ՀԿԴ-ում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ մյուսների գործով դատական նիստում պետք է շարունակվեր մեղադրող կողմի վկաների հարցաքննությունը։

Այսօր հրավիրվել էր երեք վկա։ Նիստերի դահլիճ հրավիրված առաջին վկան՝ Նարինե Սեյրանյանը, պարզվեց, գործով անցնող մեղադրյալներից Անդրանիկ Խաչատրյանի կինն է, ուստի դատարանը որոշեց, որ նրա հարցաքննությունը չի իրականացվի։

Մինչեւ հաջորդ վկային նիստերի դահլիճ հրավիրելը դատավոր Վահե Դոլմազյանը երկու րոպե ընդմիջում հայտարարեց։ Սակայն այս անգամ էլ պարզվեց, որ նրանք տարբեր պատճառներով դատարան չեն ներկայացել։

Հետագայում նման իրավիճակում չհայտնվելու նպատակով մեղադրյալների պաշտպանները դատարանին առաջարկեցին այսուհետեւ հրավիրել ոչ թե երեք, այլ հինգ-վեց վկայի կամ էլ, որպեսզի դատարանի աշխատակազմը վկաներին նիստերի մասին ծանուցի նաեւ հեռախոսազանգերով։

Վահե Դոլմազյանը նշեց, որ առաջին տարբերակն արդյունավետ չէ, որովհետեւ մեկ դատական նիստի ընթացքում սովորաբար հնարավոր է լինում հարցաքննել երկու-երեք վկայի, իսկ երկրորդի պարագայում դատարանն այդ գործիքակազմը օգտագործում է։

Նիստն ընդմիջվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 16։00-ին։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment