Փաշինյան․ Խաչատրյան Գագիկը ոչ միայն կքայլի, այլև կվազի, որ ազատության մեջ հայտնվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այսուհետ «թալանվածը վերադարձնելու» հարցում փոխզիջումներ չեն լինելու։

Մինչ այժմ գործում է դրույթ, ըստ որի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտության համաձայնության դեպքում պետությանը անցնում է 75 տոկոսը, իսկ 25 տոկոսը մնում է սեփականատիրոջը։

Սեպտեմբերի 1-ի ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է, որ հանձնարարել է նախապատրաստել օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց՝ վերցվելու է «ապօրինի գույքի» 100 տոկոսը։

Միաժամանակ, վարչապետը քննադատել է դատաիրավական համակարգը՝ հարց բարձրացնելով, թե ինչու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և մյուսների վերաբերյալ գործերը երկար տարիներ մնացել են «տեղից չեն շարժվել»։ «Մեկ ամիս առաջ պտտվում էր ձողի վրա (նկատի ունի Քոչարյանին — խմբ.), հենց մեղադրանքը տեսավ՝ մահամերձ դարձավ։ Եթե մահամերձ էր, ընտրությունների ժամանակ կասեր», – խայթել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ քննության տարբեր փուլերում տարբեր փոքր խախտումներ ի վերջո բերում են մեծ խախտման, իսկ դատարանը կառչում է մանրուքից և անմեղության կանխավարկածից։

Ինչո՞ւ դրանից օգտվում են Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, բայց դա չի կիրառվում սովորական մարդկանց նկատմամբ, հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում զարմանալիորեն վատ են քննվում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը։ «Ինչո՞ւ է դատարանի անկախությունը ավազակի օգտին և բռնաբարված երեխաների դեմ», – անհասկանալի հակադրություն է արել վարչապետը։ Միաժամանակ, նա հավելել է, որ խնդրել է գլխավոր դատախազին անձամբ ուսումնասիրել վերջին 10-15 տարիների բոլոր նման գործերը։ «Մարդիկ գյուղերում այնպիսի բաներ են պատմում, որ կարելի է գետնի տակ անցնել։ Ամբողջ գյուղը գիտի, բայց գործը արդյունք չի տալիս», – շարունակել է թեման Փաշինյանը՝ դժգոհելով փորձաքննությունների երկար ժամկետներից։ Կրկին մեղադրելով Գագիկ Խաչատրյանին սիմուլյացիայի մեջ՝ Փաշինյանը խոստացել է, որ այսուհետ նա թոշակի հետևից է վազելու, «նույնը վերաբերում է նաև Ռոբերտ Քոչարյանին»։

«Ես ժողովրդի կողմից ընտրված Հայաստանի վարչապետն եմ և ասում եմ՝ կոպեկ առ կոպեկ ամեն ինչ կվերադարձնեն», – խոստացել է Փաշինյանը։

Հիշելով հրապարակում՝ Ագորայում, ամեն ինչ լուծելու վերաբերյալ իր իսկ խոստումները՝ Փաշինյանը վստահեցրել է, որ այժմ հենց այդպես էլ տեղի է ունենում, և ինքը պարզապես ենթարկվում է ժողովրդի, հրապարակի պահանջին։

Թունոտ հարցին, թե արդյոք չի ցանկանում վերագործարկել գոնե «Տոյոտա Արմենիա»-ն (օբյեկտը փակվել է Քոչարյանների վերաբերյալ գործի շրջանակում), որպեսզի չտուժի հենց Փաշինյանի սեփական թանկարժեք ավտոմեքենան, որը սպասարկվում է այնտեղ, վարչապետը հավաստիացրել է, որ պատրաստ է տեղաշարժվել հեծանվով։ Իրեն ուղեկցող պահպանության մասին նա ընդգծել է, որ վարչապետը օրենքով ենթակա է պահպանության և հրաժարվելու իրավունք չունի։

NEWS.am

Leave a comment