«Եթե ինչ-որ մեկին թվում է, որ TRIPP-ը Հայաստանով պայմանավորված ծրագիր է, խորհուրդ կտամ ավելի շատ քաղաքագիտություն ուսումնասիրել». Մամիջանյան

«Աշխարհում չկա գոնե մեկ երկիր, որտեղ պոպուլիստին փոխարինեն ավելի մեծ պոպուլիստները, ես այդպիսի դեպք, ճիշտն ասած, չեմ հիշում վերջին շրջանում: Եթե նայում ենք՝ Եվրոպայում ինչ է տեղի ունենում, պոպուլիստներին փոխարինում են կամ ծայրահեղ աջականները, կամ պահպանողականները, կամ երբեմն սոցիալիստները՝ կախված երկրի սպեցիֆիկայից: Իսկ մեզանում սոցիալիստները և պահպանողականները քաղաքական դաշտում կան և ունեն դերակատարում»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կայացած «Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը:

«Մեր տարածաշրջանին առնչվող ամենակարևոր հարցը, այսպես կոչված, կարևորագույն օրակարգային խնդիրը լոգիստիկ նոր ուղիներն են, բայց ոչ այն ձևակերպմամբ և փաթեթավորմամբ, որով ներկայացնում է Փաշինյանը: Մենք չենք կարող խուսափել նոր տրանսպորտային ուղիներ ձևավորելուց, որովհետև դա տեղի է ունենում Հայաստանից անկախ: Եթե ինչ-որ մեկին երկրագնդի վրա թվում է, որ TRIPP նախագիծը Հայաստանով պայմանավորված ծրագիր է, խորհուրդ կտամ մի քիչ ավելի շատ քաղաքագիտություն ուսումնասիրել: TRIPP նախագիծը ինքնին, իմ ընկալման մեջ (ես կարող եմ սխալվել), Միջին Ասիան կամ Կենտրոնական Ասիան որպես ռեսուրսային կարևորագույն ստրատեգիական տարածաշրջան, Ռուսաստանի և Չինաստանի հետաքրքրությունների և ազդեցությունների շրջանից դուրս բերելն է…»,- ի թիվս այլնի նշեց Մամիջանյանը:

Նա հայաստանյան ներքաղաքական օրակարգն անվանեց «երկու հանրաքվեների օրակարգ, դա ԵՄ հանրաքվեն է և Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվող ԵԱՏՄ-ի հանրաքվեն. «Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը քննարկում է երկու հանրաքվեի թեմա, որոնցից երկուսն էլ ստեղծվել, գեներացվել են Հայաստանից դուրս: Դա չի կարող նորմալ համարվել: Չկա երկիր, որտեղ երկու հիմնական, ամենակարևոր քննարկվող հարցերը արտաքին ծագում ունենան․ դա նորմալ չէ, «միստր Սուվերեն 2026»-ն է Փաշինյանի սուվերենությունը: Եթե մի մակարդակ էլ իջնենք, արդեն գանք ներքաղաքական խնդիրներին և օրակարգերին, ապա այո, ցավոք սրտի, օրակարգը հիմնականում ստեղծվում է Փաշինյանի կողմից»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պանելային քննարկումն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment