«Նրա քայլը կարելի է ընդունել կամ չընդունել, բայց նա այդ որոշումը կայացնելու իրավունք ուներ։ Իսկ հաղթանակած գեներալների նկատմամբ վիրավորական վերաբերմունքն անընդունելի է». «Առավոտի» զրուցակիցն է հասարակական գործիչ Իգոր Զարգարյանը։
«Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլեւս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ»,- 90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի, որը ՀՀ զինված ուժերի ձեւավորման գործընթացի առանցքային մասնակից է եւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ստեղծման գաղափարի հեղինակներից մեկն է, հայտարարությունը եւ հրաժարումը ՀՀ անձնագրից՝ Հայաստանում տարատեսակ քննարկումների տեղիք տվեց։
«Ես գնացի հյուպատոսարան եւ վերադարձրի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմացած հարցնում են՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Ես էլ ասացի՝ բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին եւ ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել։ Ես հանձնեցի անձնագիրս, իսկ ձեր այսօրվա նախագահականից ստացա հաղորդագրություն. «Դուք զրկված եք քաղաքացիությունից»,-մանրամասներ եւ բացատրություններ է ներկայացրել Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Գեներալի մտերիմներից՝ հասարակական գործիչ, ձեռնարկատեր Իգոր Զարգարյանի խոսքով՝ սակայն, հանրային քննարկումների ժամանակ հաճախ մոռացվում է ամենակարեւորը՝ այդ որոշումը կայացվել էր դեռեւս 2020 թվականին, այն հանգուցալուծում է ստացել այժմ, ինչը մտածելու տեղիք է տալիս։ Նա կասկած ունի, որ գեներալի՝ տարիներ առաջ կայացրած որոշման շուրջ այսօրվա աղմուկը կարող է ունենալ նաեւ այլ նպատակ. «Չեմ հասկանում՝ ինչու հենց հիմա է հարցը բարձրացվել։ Գուցե ինչ-որ բանից շեղելու նպատակ կա։ Գուցե ուշադրությունը պետք է տեղափոխել այլ հարցերից։ Պատասխանը չունեմ։ Բայց ժամանակային առումով դա ինձ համար հարց է։ Այս մարդն այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում որեւէ դեր չունի, բանակում դեր չի խաղում, պետության շինարարության վրա ազդեցություն չունի։ Իր որոշումը չի կարող ազդել Հայաստանի այսօրվա քայլերի վրա։ Այդ դեպքում ինչո՞ւ է նրա քայլը այդքան ակտիվորեն PR արվում։ Ինձ համար դա մեծ հարց է։ Նորատ Տեր-Գրիգորյանցն ինձ համար մեծություն է։ Ես սովորաբար չեմ սիրում մարդկանց մեծարել, բայց հասկանում եմ նրա արժանիքները։ Բնականաբար, նրա որոշումն ինձ էլ մտահոգեց։ Բայց գեներալն իր քայլի պատճառներն ինքն էլ բացատրել էր»։
Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ Տեր-Գրիգորյանցը 44-օրյա պատերազմից առաջ զգուշացրել էր Հայաստանի եւ Արցախի պաշտոնյաներին հնարավոր պատերազմի վտանգի մասին. «Ասում էր՝ եթե կանխարգելիչ քայլեր չանեք, պատերազմը սկսվելու է, եւ մենք պարտվելու ենք։ Նրան չլսեցին, չընդունեցին, չվերլուծեցին նրա ասածը։ Երբ նա տեսավ, որ պատերազմն արդեն գնում է այն ճանապարհով, որի մասին ինքը նախազգուշացրել էր… իր այդ քայլը, ինձ թվում է, մի տեսակ ճիչ էր։ Էլ ի՞նչ կարող էր անել։ Այդ քայլով նա ուզում էր ցույց տալ, որ դուք շեղվել եք, սխալներ եք թույլ տվել եւ պարտվել եք նաեւ ձեր իսկ գործողությունների պատճառով։ Միգուցե դա բողոքի ձեւ էր»։
Իգոր Զարգարյանը տարակուսած է՝ բազմաթիվ մարդիկ են հրաժարվել եւ հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից, որեւէ դեպքում նման հանրային արձագանք-պարսավանք չի եղել. «Շատ մարդիկ ՀՀ քաղաքացիություն են ստանում, հետո հրաժարվում են դրանից՝ տարբեր անձնական պատճառներով, այդ թվում նաեւ տարբեր երկրներում սեփական բարեկեցությունը ապահովելու։ Ինչո՞ւ նրանց մասին այդպես չեն խոսում, իսկ այս մարդու քայլը դառնում է համազգային քննարկման թեմա։ Այո՛, Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտնի մարդ է, առաջին պատերազմում մեծ ավանդ ունի հաղթանակի գործում։ Դա հետաքրքրություն է առաջացնում, ընդունում եմ։ Բայց պետք է նաեւ արդարության մասին մտածել»։
Նրա համոզմամբ՝ հատկապես անընդունելի է այն վերաբերմունքը, երբ հաղթանակած գեներալների անձը դառնում է վիրավորանքների թիրախ։
«Նորատ Գրիգորիչը, Քրիստափոր Իվանյանը, Հրաչյա Անդրեասյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Յուրի Խաչատուրովը, Գուրգեն Դալիբալթայանը եւ մյուսները պատերազմ հաղթած մարդիկ են։ Այդ կարգի մարդկանց ոչ ոք իրավունք չունի վիրավորական բառերով անդրադառնալու։ Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ նրա որոշման հետ, թող քննադատի այդ որոշումը, բայց ոչ թե վիրավորական արտահայտություններ անեն։ Օրինակ՝ կան տելեգրամյան ալիքներ, որտեղ գեներալի հասցեին անձնական վիրավորանքներ են հնչեցնում, անգամ փորձում են նրա առողջական-հոգեբանական վիճակի վերաբերյալ ենթադրություններ անել։ Մարդիկ իրավունք չունեն նման բան ասելու։ Նման կերպ արտահայտվողները թվարկածս մարդկանց արածի մեկ հազարերորդն անգամ չեն արել։ Նրանք հաղթանակած գեներալներ են»,- ասում է Իգոր Զարգարյանը՝ հատուկ ընդգծելով՝ իր խոսքը քաղաքական գնահատական չէ. «Խոսում եմ զուտ փաստերի մասին։ 44-օրյա պատերազմից հետո մենք հաղթանակած գեներալներ չունենք։ Մենք այդ պատերազմում պարտվել ենք, ընդունել ենք մեր պարտությունը։ Սա փաստ է։ Հետեւաբար այն մարդկանց, որոնք առաջին պատերազմում հաղթանակ են ապահովել, պետք է հիշել եւ գնահատել։ Եթե այդ գեներալները չլինեին, եթե այդ պատերազմը չհաղթեինք, այսօր գուցե Հայաստանը չլիներ կամ մենք ապրեինք այլ իրականության մեջ։ Դրա համար գոնե պետք է շնորհակալ լինեինք նրանց»։
Զրուցակցիս խոսքով՝ այդ մարդկանց անունները Հայաստանի պատմությունից ջնջել հնարավոր չէ. «Նրանք թողել են մի էջ, որը գրված է ոսկե տառերով։ Ինչ էլ այսօր տեղի ունենա, նրանց անունները չի կարելի մոռանալ։ Ով էլ փորձի այդ էջը փակել, չի ստացվի՝ ուզեն թե չուզեն»։
Պատասխանելով հարցին՝ արդյոք նախկին եւ ներկա իշխանություններից նեղանալով՝ պետությունից կամ հայրենիքից հրաժարվելը տրամաբանական է, մեր զրուցակիցը նշում է, որ Տեր-Գրիգորյանցի կենսագրությունն ու աշխարհայացքը նույնպես պետք է հաշվի առնել. «Չգիտենք՝ ես կամ դուք նման իրավիճակում ինչ քայլ կանեինք։ Բայց չմոռանանք՝ նա սովետական գեներալ է, Աֆղանստան անցած մարդ, սովետական դաստիարակություն ստացած։ Նրա որոշումը, համոզված եմ, էմոցիոնալ չի եղել։ Նա դա արել է իր կամքի ուժով եւ բաց տեքստով ասել է, թե ինչու է այդ քայլին դիմել»։
Ի դեպ, աֆղանական պատերազմում գեներալի իրականացրած փայլուն գործողությունը ներառված է ռուսական ռազմական դասագրքերում եւ նրան տարբեր ռազմական հաստատություններ դասախոսությունների են հրավիրում՝ նրա գիտելիքները եւ փորձը յուրացնելու համար։
Իգոր Զարգարյանը հիշեցնում է՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը ԽՍՀՄ բանակի սպա էր, Ռուսաստանի քաղաքացի։ 1990-ականներին մի քանի բարձրակարգ գեներալներ եկան Հայաստան՝ թողնելով իրենց պաշտոնները ՌԴ-ում։ Նորատ Տեր-Գրիգորյանցը նույնպես եկավ եւ իր կյանքը դրեց Հայաստանի պաշտպանության գործին ու Հայաստանում բոլոր արտոնություններից եւ նվիրատվություններից, որոնք կարող էր ունենալ իր ավանդի համար, հրաժարվեց. «Նա ծագումով Կարսից է, ծնվել է Ռուսաստանում։ Հնարավոր է՝ իր համար հայրենիքի ընկալումն այլ կերպ է ձեւավորված։ Բայց կարեւորն այն է, որ նա եկավ Հայաստան եւ իր կյանքը դրեց այս երկրի պաշտպանության համար։ Այդ պատճառով պետք է հասկանալ՝ նա ծնված Հայաստանի քաղաքացի չէր, որը հանկարծ հրաժարվեց իր հայրենիքից։ Հայաստանի քաղաքացիությունը նրա երկրորդ քաղաքացիությունն էր, որը նա ստացել էր իր ծառայությունների եւ արժանիքների համար։ Եթե նա որոշել է հրաժարվել դրանից, դա իր որոշումն է։ Ես ոչ մեղադրում եմ նրան, ոչ էլ գովում եմ այդ քայլը։ Բայց նա այդ իրավունքն ուներ»։
Զրուցակցիս համոզմամբ՝ Տեր-Գրիգորյանցի որոշումը կարելի է քննադատել, սակայն այդ քննադատությունը պետք է հիմնված լինի գիտելիքի եւ անձնական պատասխանատվության վրա. «Այն մարդիկ, որոնք պատերազմ են անցել կամ գոնե այդ տարիներին ապրել են եւ հասկացել են՝ ինչ է կատարվել, այն մարդիկ, որոնք գիտեն այդ ժամանակաշրջանի իրողությունները եւ իրենց ներդրումն ունեն երկրի կյանքում, միգուցե կարող են քննարկել-քննադատել։ Բայց մարդիկ, ովքեր անգամ տեղյակ չեն իրողություններին, չեն կարող քննադատել, ֆեյսբուքյան ֆիդայիներն այդ իրավունքը չունեն։ Եթե իշխանության, բանակի կամ հասարակության մեջ կան մարդիկ, որոնք նույն չափով նվիրված են Հայաստանին եւ այդ գործին, նրանց կարծիքը ես կհասկանամ։ Բայց մնացածի վերաբերմունքը չեմ հասկանում»։
Իգոր Զարգարյանն այն համոզմանն է, որ այսօր Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի առջեւ. «Կարծում եմ՝ հիմա ճշմարտության պահն է։ Արցախյան պատերազմում պետությունն ու ժողովուրդը հաղթանակ բերեցին։ Լավ էր, վատ էր, այլ տարբերակներ կայի՞ն, թե՞ ոչ՝ այսօր արդեն երկրորդական հարց է։ Փաստն այն է, որ հաղթել էինք։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ժուկովին անվանում էին «Հաղթանակի մարշալ»։ Նա շատ բարդ անձնավորություն էր, բայց նրան պատմության մեջ առաջին տեղերից մեկը տրվեց, որովհետեւ նա հաղթանակ բերեց իր ժողովրդին։ Նույնը պետք է հասկանալ նաեւ մեր հաղթանակած գեներալների դեպքում։ Նորատ Գրիգորիչը, Իվանյանը եւ մյուսները Ռուսաստանում թողեցին իրենց պաշտոնները, իրենց ունեցածը եւ եկան Հայաստան՝ այս երկիրը պաշտպանելու։ Այդ էջը նրանք գրել են ոսկե տառերով»։
Միաժամանակ զրուցակիցս նշում է, որ Հայաստանի բանակը նոր փուլում է եւ անհրաժեշտ է այն դարձնել ժամանակակից ու տեխնոլոգիապես հագեցած. «Հիմա անօդաչու սարքերի եւ բանակի արդիականացման համար ճիշտ գումարներ են հատկացվում։ Դա շատ լավ է։ Մենք պետք է ունենանք ժամանակակից բանակ։ Երբ հասնենք նրան, որ բանակը կրկին ուժեղ լինի եւ կարողանա մեզ պաշտպանել, նոր էջ կբացվի։ Բայց այդ էջը պետք է գրվի արդեն հաղթանակներով։ Ես ոչ մեկին չեմ հորդորում՝ գնալ պատերազմելու։ Բայց պետք է հասկանալ՝ ոչ մի երաշխիք չկա, որ պատերազմը երբեւէ չի վերադառնա մեր սահմաններ։ Մեր կողքին եռացող Իրանն է, Ադրբեջանն ու Թուրքիան են։ Աշխարհը փոփոխական է։ Այդ պայմաններում պաշտպանված լինելու համար պետք է ուժեղ բանակ, ժամանակակից սպառազինություն եւ հավասարակշռված, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն»։
«Ուժեղ պետությունը պետք է ունենա նաեւ ուժեղ բանակ»,- կարգախոսն Իգոր Զարգարյանի համար այլընտրանք չունի։ Նա Հայաստանի համար պատմական օրինակ է տեսնում Կիլիկյան Հայաստանի Լեւոն Առաջինի օրինակում. «Շատ են սիրում համեմատել Տիգրան Մեծի, Պապ թագավորի եւ այլոց հետ։ Ինձ համար հետաքրքիր օրինակ է Կիլիկիայի Լեւոն Առաջին թագավորը. նա կարողացավ հավասարակշռված քաղաքականություն վարել եւ թագ ստանալ տարբեր ուժերից՝ այդ թվում մահմեդական աշխարհից։ Բայց մի բան հաճախ մոռանում ենք՝ նա ուներ շատ ուժեղ սպարապետ։ Սպարապետը հարցերը լուծում էր մարտի դաշտում, իսկ Լեւոնը կարողանում էր դիվանագիտական դաշտում անել այն, ինչ անհրաժեշտ էր պետությանը։ Սա շատ լավ մոդել է նաեւ այսօր. բանակը եւ նրա հրամանատարությունը պետք է ուժեղ լինեն, իսկ պետությունը պետք է կարողանա ճիշտ քաղաքականություն վարել։ Եթե չհարգենք նախկիններին, չհարգենք հաղթանակած գեներալներին, ինքներս մեզ ենք թուլացնելու։ Ես չեմ կարող հիշել որեւէ երկիր, որտեղ նման վերաբերմունք լինի հաղթանակած գեներալների եւ սպարապետների նկատմամբ։ Շատերը սիրում են Իսրայելի օրինակը բերել։ Բայց Իսրայելում էլ գիտեն՝ բանակի պատմությունը, հաղթանակներն ու այն մարդկանց վաստակը, որոնք այդ հաղթանակներն են ապահովել, չեն կարող պարզապես ջնջվել։
Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը կարելի է ընդունել կամ չընդունել։ Դա յուրաքանչյուրի իրավունքն է։ Բայց նրա ամբողջ անցած ճանապարհը, Հայաստանի պաշտպանության գործում ունեցած ներդրումը եւ առաջին պատերազմում նրա ու մյուս գեներալների դերակատարումը մոռանալը կամ անձնական վիրավորանքների թեմա դարձնելը անընդունելի է։ Պատմությունը պետք է հիշել ամբողջությամբ՝ ե՛ւ հաղթանակները, ե՛ւ պարտությունները։ Իսկ հաղթանակած մարդկանց նկատմամբ առնվազն պարտավոր ենք պահպանել հարգանքը»։
Զրուցակիցս նկատում է՝ ժամանակին եւ Անդրանիկը, եւ Նժդեհը՝ չնայած երկրի պաշտպանության գործում իրենց հսկայական ավանդին, Հայաստանից հեռացան հենց չհասկացվածության եւ հարգանքը չպահելու պատճառով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: