Սպիտակ տունը մեկնաբանել է յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5000 դոլար վճարելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու վճարել 5000 դոլար, եթե հանրապետականները պահպանեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերահսկողությունը նոյեմբերի միջանկյալ ընտրությունների արդյունքներով, գրում է BBC-ն։


Թրամփը հայտարարությունն արել է Տեխաս նահանգի Դալաս քաղաքում միջանկյալ ընտրություններին նվիրված Հանրապետական ​​կուսակցության առաջին համագումարում։


Նախագահը մանրամասներ չի հայտնել այն մասին, թե ով և ինչպես է ֆինանսավորելու ավելի քան մեկ տրիլիոն դոլարի վճարումները, և ինչպես են դրանք բաշխվելու:


Սպիտակ տունը չի ասել, թե ինչպես է այս սխեման գործելու, բայց հայտարարություններն անվանել է «հերթական ապացույցն այն բանի, որ նախագահ Թրամփն անում է այնպիսի բաներ, որոնք, այսպես կոչված, «փորձագետներն» անիրագործելի են համարել: «Ի շահ ամերիկյան ժողովրդի՝ Թրամփի աշխատանքն արդյունքներ է տալիս»,- ընդգծել են Սպիտակ տանը:


Շատ հանրապետականներ ակնհայտորեն զարմացած են։ Ոմանք ողջունել են Թրամփի խոստումը, բայց նրա քննադատներն արագոր դատապարտել են այն։ Դեմոկրատները, իրենց հերթին, Թրամփի խոսքերն անվանել են «դատարկ խոստումներ»։


Իրավաբանները քիչ հավանական են համարում, որ ԱՄՆ նախագահը կկարողանա իր հրամանագրով հավանություն տալ նման մեծածավալ վճարումներին: Սակայն Թրամփը հինգշաբթի հասկացրել է, որ թույլտվության համար չի դիմի Կոնգրեսին։


CBS News-ի հետ հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Կոնգրեսի հավանությունը պարտադիր չէ՝ միաժամանակ նշելով. «Կարծում եմ՝ նրանք կհաստատեն, եթե մեզ անհրաժեշտ լինի»։


Այնուամենայնիվ, բազմաթիվ հանրապետականներ պահպանողական են կառավարության ծախսերի հարցում, և քիչ հավանական է, որ հաստատեն նման ծախսերը: Ինչևէ, հանրապետականների ​​ ներկայիս համագումարը հիշեցնում է, որ Թրամփը դարձյալ կուսակցության գլխավոր դեմքն է՝ գրում է BBC-ն:

Leave a comment