Մի ընտանիքի պատմություն
Aravot.am-ը շարունակում է անդրադարձը՝ մշակույթի տարբեր ոլորտներում հանրահայտ ու սիրված ստեղծագործող ընտանիքներին։ Ներկայացրել ենք թատերարվեստի ոլորտում Աճեմյան, Ջանիբեկյան, Ղազանչյան, Էլբակյան, Ներսիսյան, Իվանյան…, երաժշտարվեստում՝ Լևոնյան, Գրիգորյան, Երկանյան, Շարաֆյան…, կերպարվեստի ու քանդակագործության՝ Սարյան, Գրիգորյան, Քոչար, Թոքմաջյան…, պարարվեստի ոլորտում՝ Մեհրաբյան, Գալստյան, Կարապետյան ընտանիքներին։
Արվեստագետների հերթական ընտանիքին լայն ընթերցողին, գուցե ծանոթացնելու կամ պարզապես ներկայացնելու միտքը մեզ մոտ առաջացավ վերջին շրջանում Եվրոպայում, կարծես նորաձև դարձած ու պահանջարկ վայելող բալետի և նկարչության համադրությանը վերաբերող նյութերից, որոնցում դոմինանտ է հետևյալ միտքը՝ բալետի ու նկարչության համադրությունն արվեստի ամենագեղեցիկ, դինամիկ և էլեգանտ սինթեզներից է, որտեղ պարի շարժումն ու մարմնի պլաստիկան հավերժանում են կտավի վրա:
Այս երկու արվեստների փոխազդեցությունը կարելի է դիտարկել մի քանի հիմնական ուղղություններով: Բերենք հանճարեղ նկարիչների մեկ-երկու օրինակներ, որոնք իրենց կյանքն ու ստեղծագործական գործունեությունը նվիրել են բալետի պարողների պատկերմանը: Իմպրեսիոնիստ նկարիչ Էդգար Դեգային անվանում են «բալերինաների նկարիչ», որը պատկերում էր ոչ միայն նրանց բեմական փայլը, այլ կուլիսներում, հանդիսատեսի աչքից հեռու, տեղի ունեցող որոշ դրվագներ: Անրի դը Թուլուզ-Լոտրեկն օրինակը, վրձնել է փարիզյան կաբարեների և բալետի դրամատիկ տեսարանները: Լեոնիդ Եֆրեմովն էլ վառ գույներով ստեղծել է բալետի պարողների էքսպրեսիվ ու կախարդական կերպարներ և այլն:
Հիմա գանք մեր ժամանակներ, ավելի ճիշտ՝ մեր օրեր, բայց հեռվից: Ժամանակին թատերարվեստում զգեստների դիզայներ առանձին հասկացություն, որպես այդպիսին, չի եղել: Բեմի և զգեստների ձևավորումը իրականացրել է բեմանկարիչը: Օրինակ՝ մեր օպերային թատրոնում Մարտիրոս Սարյանը որպես բեմի և զգեստների նկարիչ հանդես է եկել Տիգրանյանի «Դավիթ-Բեկ», Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաների բեմադրություններում, նույնիսկ Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղը» բեմադրվել է սարյանական աշխատանքներով:
Մենք, առիթի դեպքում փաստել ենք Մինասի գործերը Խաչատրյանի «Գայանե», Հովհաննիսյանի «Անտունի», Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Ալեքսանդր Շաքարյանի բեմի ձևավորումն ու զգեստները՝ Պրոկոֆևի «Մոխրոտը», Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումներում, Ռոբերտ Էլիբեկյանինն էլ՝ Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամում»:
Այսօր էլ ունենք բեմանկարիչ. Ավետիս Բարսեղյան, որը 1986 թվականից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչն է: Տասնամյակների ընթացքում նա հեղինակել է Ադանի «Ժիզել», Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Չայկովսկու «Թեմա վարիացիաներով», Պուչինիի «Տոսկա», Բելինիի «Նորմա», Խաչատրյանի «Դիմակահանդես» ներկայացումների բեմանկարչական և հագուստի դիզայնի աշխատանքները:
Տարիներ առաջ մեզ հետ զրույցում նա հավաստիացրել էր․ «Իհարկե, լավ է, որ թատրոնների նկարիչները տիրապետում են նաև զգեստի դիզայնին: Երբ մեկ մարդ է աշխատում այդ երկու ոլորտներում, նրա պատկերացումները, գունային լուծումները և այլն, իսկապես լավ արդյունք է ունենում»: Նկարիչը Օպերային թատրոնից ընդամենը 2 տարի է բացակայել, աշխատել է Կրասնոդարի թատրոնում, որտեղ համագործակցել է տարբեր ռեժիսորների հետ, այդ թվում՝ աշխարհահռչակ Յուրի Գրիգորովիչի, որի խորեոգրաֆիայով բեմադրվել է «Ոսկե դարը»:
Ավետիս Բարսեղյանի տիկինը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարուհի Սոնա Առուստամյանն այս օջախում է 1991 թվականից: Մենապարել է «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Գայանե», «Կարմեն-սյուիտ» և այլ դասական ու ժամանակակից ներկայացումներում: 2016 թվականից էլ բալետային խմբի պարուսույց է:
Հետաքրքիր է, որ նա էլ, ճիշտ ամուսնու նման, 2 տարի է բացակայել թատրոնից. Կրասնոդարի «Պրեմիեր» բալետային խմբի մենապարուհի Սոնա Առուստամյանն այնտեղ էլ տարբեր բեմադրություններում, տարբեր կերպարներ է կերտել: Իսկ կարիերայի ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: Տեղեկացնենք նաև, որ նա 1997 թվականից Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուսույց է:
Մի բան միայն չհաջողվեց մեզ պարզել, թե Ավետիս Բարսեղյանն ունի՞ աշխատանքներ իր տիկնոջ բեմական տարբեր կերպարներով: Թեև, ավելի քան համոզված ենք, որ նման գործեր ևս վրձնել է նկարիչը և ով գիտե, գուցե մի օր դրանք կցուցադրվեն:
Փոխարենը տեղեկացանք, որ արվեստագետների որդին ընտրել է բալետային արվեստի ճյուղը և այսօր ուսանում է Գերմանիայի պարարվեստի դպրոցներից մեկում: Հանդիպեցինք նրա՝ Արշակ Բարսեղյանի հետ:
Զրույցի սկզբում երիտասարդն ասաց, որ 7 տարի սովորել է Երևանի պարարվեստի քոլեջում, Դավիթ Գալստյանի ղեկավարությամբ: Ապա առանց մանրամասնելու հայտնեց, թե 2025 թվականին հայտնվել է Շտուտգարտի Ջոն Կռանկոյի պարարվեստի դպրոցում, որտեղ շարունակում է ուսումը բալետի իտալացի արտիստ Նիկոլա Բիազուտտիի ղեկավարությամբ:
«Ուսմանս 2 տարի է մնացել: Կավարտեմ դպրոցն ու կվերադառնամ հայրենիք, բեմ կբարձրանամ Երևանի թատրոնում»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: Հավելեց նաև. «Այո, կվերադառնամ ու կիրականացնեմ երազանքս՝ Սպարտակի կերպարը կմարմնավորեմ: Հիացել եմ մեր թատրոնի պրիմիեր պարող Ռուբեն Մուրադյանի այս կերպարի մարմնավորմամբ: Թույլ տվեք այս առիթն օգտագործել շնորհակալ լինել բալետային խմբի գեղարվեստական ղեկավարից՝ պարոն Մուրադյանից և խմբի վարիչ Սերգեյ Սաֆարյանից, այս օրերին՝ ամառային արձակուրդի ժամանակահատվածում, թատրոնում հնարավորություն ընձեռելու, փորձերին մասնակցելու համար, որպեսզի մարզավիճակի անկում չունենամ»:
Մտաբերեց, որ մինչ Գերմանիա մեկնելը, Երևանում մասնակցել է «Սպարտակի» ներկայացմանը կորդեբալետի կազմում, Շտուտգարդի պետական թատրոնում էլ՝ «Աննա Կարենինա», «Քնած գեղեցկուհի» ներկայացումներին:
Զրույցի ընթացքում մեզ զարմացրեց Արշակի հետևյալ խոսքը․ «Եկել էր մի պահ, որ պիտի կողմնորոշվեի՝ ընտրել դաշնակահարի մասնագիտությունը, թե՞ բալետի արտիստի։ Այո, սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Մարինե Մարգարյանի դասարանում, մասնակցել եմ դաշնակահարների տարբեր մրցույթների, նաև ԱՄՆ-ում և Հունգարիայում… Մի խոսքով՝ հաղթեց բալետը»։
Սամվել Դանիելյան
Լուսանկարները տրամադրել է Արշակ Բարսեղյանը
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: