«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը

Քաղաքականություն

11.09.2026 | 15:34

Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտության համաձայնության գալու օրենսդրական հնարավորությունը, ըստ որի գույքի 25%-ը կարող էր մնալ պատասխանողին, շուտով կվերացվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ինքն արդեն համապատասխան հանձնարարական է տվել՝ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու և հաշտության դրույթը չեղարկելու համար։

«Դուք տեղյակ եք, չէ՞, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25%-ը մնում է, 75%-ը՝ վերադարձվում։ Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա՛ այլևս 25%՝ առհասարակ։ Չպիտի՛ լինի։ Տվել ենք այդ շանսը, ութ տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի։ 100%-ը պետք է վերադարձնեն»,- ընդգծեց նա։

Վարչապետը հավելեց, որ առաջիկայում օրենքում համապատասխան փոփոխություն կկատարվի, և ապօրինի ձեռք բերված ունեցվածքը պետությանը կվերադարձվի ամբողջությամբ։

Անդրադառնալով նախկին պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց ապօրինի հարստացման վերաբերյալ գործերին՝ կառավարության ղեկավարը շեշտեց, որ զիջումներ չեն լինելու։

«Չկա՛ այլևս կոմպրոմիս ապօրինի գույք ունեցածների հետ, ո՛չ մի 25%: 100%, հլը մի բան էլ այդ 100%-ի տոկոսների հետևից էլ պիտի գնանք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Անի Թամրազյան

Leave a comment