«Ներքաղաքական լարվածության խորացմանը նպաստել են նաև Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական հակառակորդների, դատարանների և դատավորների վերաբերյալ կոշտ, երբեմն՝ սպառնալից հրապարակային հայտարարությունները»․ «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» զեկույց

ՀՀ իշխանություններից (կառավարություն, դատախազություն, քննչական և իրավապահ մարմիններ) պահանջում ենք դադարեցնել առերևույթ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները և ձեռնպահ մնալ ընթացիկ վարույթների վերաբերյալ մեղավորությունը կանխորոշող հրապարակային հայտարարություններից. ամրագրված է «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» զեկույցում։

Փաստահավաք զեկույցը պատրաստվել է 2026-ի հուլիսի 14-ին ձևավորված Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողովի կողմից՝ հայաստանյան հանրությանը, տեղական և միջազգային կառույցներին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ պատկերը ներկայացնելու նպատակով։

Զեկույցը փաստագրում է 2026-ի հունիս–հուլիս ամիսներին ՀՀ-ում առերևույթ քաղաքական դրդապատճառներով իրականացված մարդու իրավունքների խախտումների օրինաչափությունը։

Փաստաթղթում ներառված քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց ցանկում են Ալիկ Ալեքսանյանը, Արտյոմ Աղաջանյանը, Արմեն Աշոտյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Երվանդ Բոզոյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Խաչիկ Գալստյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Լիպարիտ Դրմեյանը, Անդրանիկ Թևանյանը, Գագիկ Ծառուկյանը, Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գագիկ Ղազինյանը, Դավիթ Ղազինյանը, Վարդան Ղուկասյանը, Ալեն Ղևոնդյանը, Էդիկ Մալոյանը, Արեգնազ Մանուկյանը, Արսեն Մելիքյանը, Ռուբեն Մելիքյանը, Ավետիք Չալաբյանը, Վահագն Չախալյանը, Կարապետ Պողոսյանը, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Սարգսյանը, Արման Սարգսյանը, Լիլյա Սարգսյանը, Արփինե Սողոյանը, Շուշան Վարդանյանը, Ռոբերտ Քոչարյանը։

Զեկույցում մեկ առ մեկ անդրադարձ է կատարվում նրանց դեմ հարուցված քրեական գործերին և նշվում, թե միջազգային որ իրավական նորմերն են այդ գործընթացներում խախտվել։

Ըստ զեկույցի՝ հանրային դաշտն, ընդհանուր առմամբ, բնորոշվում է շարունակաբար աճող լարվածությամբ, դժգոհության խորացմամբ, անվտանգության զգացողության բացակայությամբ և այդ առումով մտահոգությունների սրմամբ, ագրեսիվ դրսևորումների աճով՝ բռնության գործադրման հաճախակիացած դրվագներով։

Փաստաթղթում ամրագրված է․ «Նման միջավայրի ձևավորմանը նպաստել են իշխանությունները՝ վարած ներքին ու արտաքին քաղաքականության, իրենց կողմից դաշտ նետվող, հաճախ հանրային հույզեր բորբոքող խոսույթի ու դրան հաջորդած ուժային և իրավապահ կառույցների գործողությունների հետևանքով։ Ներքաղաքական լարվածության խորացմանը նպաստել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական հակառակորդների, դատարանների և դատավորների վերաբերյալ կոշտ, երբեմն՝ սպառնալից հրապարակային հայտարարությունները։ Հաշվի առնելով դրանք հնչեցնող պաշտոնատար անձի կարգավիճակը և դրանց հաջորդած՝ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունները, դրանք ընկալվել են ոչ այնքան որպես քաղաքական հռետորաբանություն, այլ՝ իրավապահ և դատական մարմիններին ուղղված հստակ ցուցումներ՝ խորացնելով անարդարության, ամենաթողության ու վախի զգացողությունը հանրության շրջանում»:

Փաստաթղթում արձանագրված հիմնական մտահոգությունները վերաբերվում են կալանավայրերում մահվան դեպքերին և ժամանակին բժշկական օգնության ոչ մատչելիությանը, ձերբակալությունների ընթացքում նվաստացնող վերաբերմունքի (ձեռնաշղթաների անհամաչափ կիրառում, դիմադրություն չցուցաբերող անձանց գետնին տապալում, տեսանկարահանում) համակարգային դրվագներին, ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ մինչդատական կալանքի՝ որպես կանոն, և ոչ բացառություն, կիրառմանը, ընտանիքի անդամների, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ տեսակցության իրավունքի սահմանափակումներին, պաշտպանության իրավունքի իրացման խոչընդոտներին, արդար դատաքննության երաշխիքներին՝ գործերի բաշխման և դատավորների անկախության հարցերով, ազդեցիկ ընդդիմադիրների՝ երկրից մեկնելու իրավունքի սահմանափակումներին, վաղ առավոտյան խուզարկություններին և մասնավոր կյանքի անձեռնմխելիության միջամտություններին, քննադատական կեցվածք ունեցող ակադեմիական և հանրային ծառայողների աշխատանքից ազատումներին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ ճնշումներին, Ընտրական օրենսդրության վիճահարույց փոփոխություններին և ընտրությունների արդյունքների վիճարկմանը, ընդդիմադիր առաջնորդի փաստացի ունեզրկման գործընթացին, քաղաքական, կրոնական հայացքների և բնակության վայրի հիմքով ատելության խոսքի և թշնամանքի տարածման դրսևորումներին։

Եզրափակիչ մասում ՀՀ իշխանություններին ներկայացվում է նաև պահանջ՝ ապահովել կալանավորված անձանց ժամանակին և պատշաճ բժշկական օգնությունը և արդյունավետ, անկախ քննություն իրականացնել կալանավայրերում մահվան բոլոր դեպքերով, կիրառել կալանքը որպես բացառություն, այլ ոչ թե՝ կանոն՝ նախապատվությունը տալով այլընտրանքային խափանման միջոցներին, բարելավել քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանները և նվազեցնել գերբնակեցումը, բացառել ձերբակալության ընթացքում ուժի և ձեռնաշղթաների անհամաչափ ու նվաստացնող կիրառումը, երաշխավորել պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ փաստաբանի ժամանակին մուտքը և խորհրդակցության բավարար ժամանակը, վերականգնել կալանավորվածների՝ ընտանիքի անդամների, հատկապես` անչափահաս երեխաների հետ տեսակցության իրավունքը, երեխայի լավագույն շահից ելնելով, դադարեցնել վաղ առավոտյան խուզարկությունների չարաշահումը և ապահովել խուզարկության թույլտվություն պարունակող դատական ակտերի պատշաճ ու ժամանակին ներկայացումը, հարգել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը և ապահովել պետության ու եկեղեցու հարաբերություններին վերաբերող սահմանադրական և օրենսդրական երաշխիքների պահպանումը՝ բացառելով պետական մարմինների անհարկի միջամտությունը ներեկեղեցական հարցերին։

ԲԴԽ-ին կոչ է արվում ապահովել գործերի պատահական էլեկտրոնային բաշխումը բոլոր ատյաններում, երաշխավորել դատավորների անկախությունը և կալանքի ու դրա երկարաձգման վերաբերյալ որոշումների պատշաճ, անհատականացված հիմնավորումը, հարգել պատգամավորի անձեռնմխելիությունը՝ Սահմանադրական դատարանի որոշումներին համապատասխան:

ԱԺ-ին պահանջ է ներկայացվում ընտրական օրենսդրության փոփոխությունները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը և Վենետիկի հանձնաժողովի չափանիշներին՝ ապահովելով ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակման համաչափությունը և, ըստ անհրաժեշտության, ստանալով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment