Բայրամովը և Գրոնոն կարևորել են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել է Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական հարցերը:

Հանդիպման ընթացքում տեղեկություններ են ներկայացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու փոխադարձ վստահության ամրապնդման նպատակով իրականացվող քայլերի մասին։ Կարևորվել են ընթացիկ տարվա օգոստոսին Բիշքեկում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման շրջանակում կայացած քննարկումները՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման տեսանկյունից։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակն ու տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հայտնում է APA-ն:

Ընդգծվել է փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի շփումների կարևորությունը Ադրբեջան-ԵՄ օրակարգի առաջմղման ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։

Կողմերն անդրադարձել են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների ինստիտուցիոնալ և իրավական հիմքի հետագա զարգացմանը, «Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտին, ինչպես նաև նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հեռանկարներին։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ ու տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a comment