Ինչպես է բիզնեսը Հայաստանում տեղափոխվում ամպային միջավայր և հրաժարվում «սեղանի տակ դրված» սերվերից

Բիզնեսին անհրաժեշտ է կայուն կապ, մշտապես հասանելի տվյալներ, որակյալ Wi-Fi և այնպիսի ենթակառուցվածք, որը կարող է հեշտությամբ զարգանալ ու ընդլայնվել ընկերության աճին զուգահեռ


ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բիզնեսի սեփականատիրոջ աշխատանքային օրը հազվադեպ է հանգիստ սկսվում` ավելի հաճախ նա զբաղված է ոչ թե նոր հնարավորությունների մասին մտածելով, այլ տեխնիկական խնդիրներ լուծելով։ Աշխատակիցներից մեկը չի կարողանում միանալ աշխատանքային համակարգին, գրասենյակի որևէ հատվածում Wi-Fi-ը կրկին անկայուն է, իսկ հաճախորդը մի քանի անգամ զանգահարել է, բայց այդպես էլ չի կարողացել կապվել անհրաժեշտ մասնագետի հետ։


Ընկերության աճին զուգահեռ բարդանում է նաև նրա թվային ենթակառուցվածքը։ Ինտերնետ, սերվերներ, հեռախոսակապ, CRM համակարգեր, Wi-Fi, հեռահար հասանելիություն, տվյալների պահուստային պատճենում․ այս ամենը պետք է աշխատի միաժամանակ, կայուն և անխափան։ Սակայն ինչ-որ պահի տեխնոլոգիաները, որոնք կոչված են հեշտացնելու բիզնեսի աշխատանքը, իրենք են սկսում պահանջել չափազանց շատ ժամանակ, ռեսուրս և ուշադրություն։


Հենց այդ պատճառով ավելի ու ավելի շատ ընկերություններ նախընտրում են ոչ թե առանձին սարքավորումներ ձեռք բերել և ինքնուրույն կառավարել դրանք, այլ օգտվել պատրաստի և համալիր լուծումներից։ Բիզնեսին անհրաժեշտ է կայուն կապ, մշտապես հասանելի տվյալներ, որակյալ Wi-Fi և այնպիսի ենթակառուցվածք, որը կարող է հեշտությամբ զարգանալ ու ընդլայնվել ընկերության աճին զուգահեռ։


Այս մոտեցումն էլ ընկած է Ucom-ի՝ բիզնեսի համար նախատեսված լուծումների հիմքում՝ ամպային սերվերներից և կառավարվող Wi-Fi-ից մինչև վիրտուալ հեռախոսակապ և ընկերության ներքին ցանցի կառուցում։

Ամպային սերվեր՝ «սեղանի տակ դրված» համակարգչի փոխարեն


Երբ Արմանը հիմնեց իր ընկերությունը, թիմում ընդամենը հինգ մարդ էր աշխատում։ Փաստաթղթերը պահվում էին աշխատակիցների համակարգիչներում, հաշվապահական տվյալները՝ առանձին նոութբուքում, իսկ աշխատանքային ֆայլերը՝ տարբեր օգտահաշիվներում։




Մի քանի տարի անց թիմն արդեն 30 հոգուց էր բաղկացած։ Ընկերությունն ուներ CRM համակարգ, հաճախորդների մեծ բազա, իսկ աշխատակիցների մի մասն աշխատում էր հեռավար։ Հին համակարգիչը, որը սկզբում փաստացի կատարում էր սերվերի դեր, այլևս չէր կարողանում սպասարկել աճող բիզնեսի պահանջները։


Այս փուլում ընկերությունն ունի երկու ճանապարհ․ ձեռք բերել սեփական սերվերային սարքավորումներ և հետագայում զբաղվել դրանց սպասարկմամբ, կամ՝ անհրաժեշտ ենթակառուցվածքը տեղափոխել ամպային միջավայր։ 

Ինչ է տալիս Business VPS-ը 


Ucom-ի Business VPS ծառայությունը հնարավորություն է տալիս վեբ ինտերֆեյսի միջոցով ստեղծել և կառավարել վիրտուալ սերվերներ, ընտրել օպերացիոն համակարգը և անհրաժեշտ հաշվողական ռեսուրսները։


Ընկերությունն ինքն է որոշում, թե որքան պրոցեսորային հզորություն, օպերատիվ հիշողություն և սկավառակային տարածք է անհրաժեշտ իր աշխատանքը կազմակերպելու համար։


Պարզ ասած՝ բիզնեսը ստանում է անհրաժեշտ սերվերային հզորությունները՝ առանց սեփական սերվերային ենթակառուցվածք ստեղծելու, թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու և դրանց շարունակական սպասարկմամբ զբաղվելու անհրաժեշտության։ Հզորությունները հնարավոր է ավելացնել ըստ անհրաժեշտության, իսկ աշխատակիցները կարող են տարբեր վայրերից անվտանգ հասանելիություն ունենալ ընկերության աշխատանքային համակարգերին։


Ucom-ն առաջարկում է Business VPS-ի տարբեր կոնֆիգուրացիաներ, որոնք հնարավոր է ընտրել՝ ելնելով ընկերության ընթացիկ պահանջներից և հետագա աճի հնարավորությունից։ Ծառայության հասանելի տարբերակներին և պայմաններին կարելի է ծանոթանալ Ucom-ի կայքում։

Լավ Wi-Fi-ն այն է, որի մասին ստիպված չես մտածել


Ամպային ենթակառուցվածքը լուծում է բիզնեսի տվյալների և համակարգերի հասանելիության հարցը, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է նաև մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ կայուն կապ հենց գրասենյակում, հյուրանոցում, խանութում կամ սպասարկման սրահում։ Եվ որքան մեծ է տարածքը կամ մարդկանց հոսքը, այնքան ավելի բարդ է պարզապես մի քանի ռոութերով ապահովել հավասարաչափ և որակյալ Wi-Fi։


Պատկերացնենք Մարիամին, որը հյուրանոց է կառավարում։ Նրա համար թույլ Wi-Fi-ը պարզապես տեխնիկական խնդիր չէ։ Հյուրը նստում է լոբբիում, բացում նոութբուքը և մի քանի րոպե անց արդեն դիմում ադմինիստրատորին՝ ինտերնետը չի աշխատում կամ կապն անկայուն է։ Արդյունքում տեխնիկական խնդիրը վերածվում է հաճախորդի դժգոհության և կարող է ազդել նաև հյուրանոցի մասին նրա ընդհանուր տպավորության վրա։


Մի քանի ռոութեր գնելու և ցանցն ինքնուրույն կառուցելու փոխարեն բիզնեսը կարող է օգտվել Ucom-ի WiFiaaS՝ Wi-Fi as a Service ծառայությունից։ Ucom-ի մասնագետներն ուսումնասիրում են տարածքը, նախագծում ցանցը, ընտրում և տեղադրում անհրաժեշտ սարքավորումները, ապա կարգավորում համակարգը։ Գործարկումից հետո իրականացվում են նաև ցանցի հեռահար կառավարում և աշխատանքի վերահսկում։




Այսպիսով, հյուրանոցի կամ ընկերության աշխատակիցները ստիպված չեն ինքնուրույն պարզել, թե ինչու է, օրինակ, լոբբիում ազդանշանը լավ, իսկ երկրորդ հարկում՝ թույլ։ Wi-Fi ցանցի կառավարումը դառնում է ծառայության մաս, իսկ բիզնեսը կարող է կենտրոնանալ իր հիմնական աշխատանքի և հաճախորդների սպասարկման վրա։


Ընդ որում, ժամանակակից Wi-Fi-ը կարող է ոչ միայն ինտերնետ հասանելիություն ապահովել, այլև դառնալ հաճախորդի հետ հաղորդակցության լրացուցիչ գործիք։ Ցանցին միանալիս օգտատիրոջը հնարավոր է ներկայացնել հատուկ առաջարկներ կամ ուղղորդել համապատասխան էջ։ Օրինակ՝ հյուրանոցը կարող է տեղեկացնել SPA ծառայության կամ նախաճաշի առաջարկի մասին, սրճարանը՝ սեզոնային մենյուի, իսկ խանութը՝ նոր հավաքածուի կամ ընթացիկ ակցիայի մասին։


Հատուկ ինտերֆեյսի միջոցով բիզնեսը կարող է նաև վիճակագրական տվյալներ ստանալ ցանցի աշխատանքի և օգտատերերի ակտիվության վերաբերյալ՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես է օգտագործվում իր Wi-Fi ենթակառուցվածքը։


Հենց այստեղ է «մեզ մոտ Wi-Fi կա» և «Wi-Fi-ն աշխատում է մեր բիզնեսի օգտին» մոտեցումների հիմնական տարբերությունը։

Երբ հաճախորդը զանգահարում է, ընկերությունը պետք է պատրաստ լինի


Նարեկը ղեկավարում է վաճառքի բաժինը։ Մենեջերներից մեկը հանդիպման է, մյուսը զբաղված է պատվերով, երրորդը չի հասցրել հետ զանգել։ Այդ ընթացքում պոտենցիալ հաճախորդը սպասում է կամ պարզապես դիմում է մեկ այլ ընկերության։


Եթե ընկերության տարածքում կայուն Wi-Fi-ը հաճախորդի դրական տպավորության կարևոր բաղադրիչներից է, ապա շատ դեպքերում հաճախորդի հետ առաջին շփումը սկսվում է հեռախոսազանգից։ Եվ այստեղ նույնիսկ մեկ բաց թողնված զանգը կարող է նշանակել բաց թողնված հնարավորություն։ 


Նման իրավիճակներում հեռախոսակապը միայն զանգ ընդունելու միջոց չէ։ Այն հաճախորդների հետ աշխատանքի կարևոր գործիք է։ Ucom-ի vOffice-ը բիզնեսի համար նախատեսված ամպային հեռախոսային համակարգ է, որը հնարավորություն է տալիս մեկ հարթակում կառավարել հեռախոսահամարները, մուտքային և ելքային զանգերը, կարճ ներքին համարները, աշխատակիցների խմբերը, զանգերի ձայնագրությունները և այլ գործառույթներ։


IVR ձայնային մենյուի միջոցով հաճախորդը կարող է անմիջապես ընտրել իրեն անհրաժեշտ բաժինը։ Ծանոթ «Վաճառքի բաժնի հետ կապվելու համար սեղմեք…» ձևաչափը հենց այս գործիքի օրինակներից է։ Այն օգնում է զանգը ճիշտ ուղղորդել և հաճախորդին ավելի արագ կապել համապատասխան աշխատակցի հետ։


vOffice-ը հնարավոր է նաև ինտեգրել ընկերության CRM համակարգի հետ։ Այդ դեպքում մուտքային և ելքային զանգերը կարող են ավտոմատ գրանցվել CRM-ում և դառնալ հաճախորդի հետ հաղորդակցության ընդհանուր պատմության մաս։ Մենեջերը ստիպված չէ զանգից հետո առանձին նշումներ անել և հետագայում հիշել՝ արդյոք տվյալները մուտքագրել է համակարգ, թե ոչ։ Արդյունքում հաճախորդների հետ աշխատանքը դառնում է ավելի համակարգված, իսկ ձեռքով կատարվող գործողությունները՝ ավելի քիչ։


vOffice-ում հասանելի է նաև Robocall գործառույթը՝ ավտոմատ զանգերի իրականացման համար։ Ընկերությունը կարող է նախապես պատրաստել ձայնային հաղորդագրությունը, ընտրել զանգերի իրականացման ժամանակը և առցանց ինտերֆեյսի միջոցով հետևել արդյունքներին։


Այս կերպ հնարավոր է, օրինակ, հիշեցնել վճարման ժամկետի մասին, տեղեկացնել աշխատանքային գրաֆիկի փոփոխության, նոր առաջարկի կամ կարևոր իրադարձության մասին՝ առանց աշխատակիցների ժամանակը բազմաթիվ նույնատիպ զանգերի վրա ծախսելու։


Այսպիսով, տեխնոլոգիան իրականացնում է կրկնվող գործողությունների մի մասը, իսկ աշխատակիցները կարող են ավելի շատ ժամանակ հատկացնել այն աշխատանքին, որտեղ իսկապես անհրաժեշտ է մարդկային ներգրավվածությունը։

Բիզնեսն աճում է, ցանցը պետք է աճի նրա հետ


Բիզնեսի աճին զուգընթաց մեծանում են ոչ միայն զանգերի կամ տվյալների ծավալները։ Աճում է նաև այն ենթակառուցվածքը, որը պետք է կապի աշխատակիցներին, սարքավորումներն ու տարբեր մասնաճյուղերը։


Դավիթը,օրինակ, երկու տարվա ընթացքում արդեն երրորդ մասնաճյուղն է բացում։ Երբ ընկերությունում ընդամենը մի քանի մարդ էր աշխատում, սովորական ռոութերը բավարար էր։ Բայց, երբ աշխատակիցների թիվը հասնում է 50-ի, իսկ մեկ գրասենյակի կամ խանութի փոխարեն արդեն գործում է մասնաճյուղերի ցանց, նախկին մոտեցումն այլևս չի բավարարում բիզնեսի պահանջները։


Նոր գրասենյակ կամ մասնաճյուղ բացելիս ներքին ցանցի կառուցումը երբեմն կարող է թվալ երկրորդական խնդիր։ Սակայն հենց այս փուլում ընդունված սխալ որոշումները հետագայում կարող են ազդել կապի որակի, աշխատակիցների աշխատանքի և ամբողջ ենթակառուցվածքի ընդլայնման հնարավորության վրա։


Նման դեպքերի համար Ucom-ն առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայություն՝ նախագծումից մինչև գործարկում։ Մասնագետներն ուսումնասիրում են տարածքը, նախագծում ցանցը, իրականացնում մալուխային աշխատանքները, տեղադրում անհրաժեշտ երթուղիչները, կոմուտատորներն ու մուտքի կետերը, ապա թեստավորում ամբողջ համակարգը։


Այսպիսով, տարբեր աշխատանքների համար մի քանի կապալառու ներգրավելու փոխարեն բիզնեսը ստանում է մեկ ամբողջական լուծում և ենթակառուցվածք, որը հնարավոր է զարգացնել ընկերության հետ միասին։


Այսօր բիզնեսի աշխատանքը վաղուց միայն գրասենյակի պատերով չի սահմանափակվում։ Աշխատակիցները տեղաշարժվում են մասնաճյուղերի միջև, աշխատում են տարբեր վայրերից և մշտապես կապի կարիք ունեն։ Այստեղ ֆիքսված ենթակառուցվածքը լրացնում է նաև նոր սերնդի շարժական կապը․ Ucom-ի 5G ցանցը հասանելի է Հայաստանի բնակչության 94.6%-ին։ 

Տեխնոլոգիաներ, որոնց մասին պետք չէ մտածել


Լավ կորպորատիվ ենթակառուցվածքն ունի մի պարզ հատկանիշ՝ երբ ամեն ինչ աշխատում է, դրա մասին գրեթե չեն մտածում։


Աշխատակիցը չի նկատում, որ սերվերն այսօր ևս անխափան աշխատում է։ Հյուրանոցի հյուրը պարզապես ակնկալում է կայուն Wi-Fi։ Վաճառքի բաժնի ղեկավարը չի ցանկանում ամեն անգամ ստուգել՝ արդյոք հերթական զանգը գրանցվել է CRM-ում։ Այս ամենը պարզապես պետք է աշխատի։


Հենց սա է ժամանակակից բիզնես տեխնոլոգիաների հիմնական նպատակը՝ հնարավորինս շատ տեխնիկական և կրկնվող գործընթացներ վերցնել իրենց վրա, որպեսզի ընկերությունը կենտրոնանա իր հիմնական աշխատանքի վրա։


Ամպային սերվերը թույլ է տալիս անհրաժեշտ սերվերային ռեսուրսները ստանալ առանց սեփական ենթակառուցվածքի ստեղծման և սպասարկման։ WiFiaaS-ը օգնում է կազմակերպել և կառավարել կայուն անլար ցանց։ vOffice-ը միավորում է բիզնեսի հեռախոսակապը և կարող է այն կապել CRM համակարգի հետ։ Իսկ ճիշտ նախագծված ներքին ցանցը հիմք է ստեղծում ընկերության հետագա ընդլայնման համար։


Այդ պատճառով ժամանակակից բիզնեսի համար հարցն այլևս միայն «ի՞նչ սարքավորում պետք է գնենք» չէ։ Ավելի կարևոր է հասկանալ՝ ո՞ր գործընթացներն ենք ցանկանում դարձնել ավելի պարզ, կառավարելի և արդյունավետ։


Եթե անհրաժեշտ են սերվերային ռեսուրսներ, դրանք կարելի է տեղափոխել ամպային միջավայր։ Եթե անհրաժեշտ է կայուն Wi-Fi՝ կարելի է օգտվել կառավարվող ցանցային լուծումից։ Մեծ թվով զանգերի դեպքում հնարավոր է ներդնել ամպային հեռախոսակապ և այն ինտեգրել CRM համակարգին։ Իսկ նոր գրասենյակներ և մասնաճյուղեր բացելիս՝ նախապես կառուցել այնպիսի ենթակառուցվածք, որը պատրաստ կլինի զարգանալ բիզնեսի հետ միասին։


Լավ տեխնոլոգիաների նպատակը բիզնեսի ուշադրության կենտրոնում հայտնվելը չէ։ Դրանց դերն է աննկատ աշխատել հետին պլանում և օգնել բիզնեսին աշխատել ու զարգանալ։

Leave a comment