Նարեկ Կարապետյան. «Տիգրանաշենի համար «Ուժեղ Հայաստանը» առաջարկում է զարգացում, ՔՊ-ն առաջարկում է հանձնում։ Իրենք զիջում են ու չեն բերելու խաղաղություն։ Մենք չենք զիջելու եւ ունենալու ենք խաղաղություն»

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ պատգամավորական խմբի եւ կուսակցության անդամների հետ Տիգրանաշեն գյուղ այցի ավարտին տեսանյութով դիմելով հանրությանը՝ ասաց. «Մենք այսօր Տիգրանաշենում ենք, Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք գյուղի բնակիչների հետ մեր շփումների արդյունքում եկել ենք մի շարք եզրահանգումների։

Գյուղացիները չեն ուզում լքել գյուղը։ Գյուղացիներն ուզում են մնալ իրենց հայրենիքում։ Արարատյան դաշտի գյուղերից մեկն է։ Այս գյուղը Երեւանից գտնվում է ընդամենը 40 րոպե ճանապարհի վրա։ Եվ մարդիկ, ովքեր այստեղ ապրում են, խոսում են այն մասին, որ գյուղը բարձիթողի վիճակում է, ոչ մի ծրագիր այստեղ չի արվել։ Եվ մարդիկ չգիտեն ինչպես նայել ապագային։

Ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»։ Տիգրանաշենը հանձնում է ՔՊ-ն, իսկ «Ուժեղ Հայաստանը» առաջարկում է Տիգրանաշենի զարգացման այլընտրանքային ծրագիր, որ հետո չասեն «դժգույն ու դժբախտ գյուղ էր»։ Զարգացումը պետք է լինի տուրիստական եւ գինեգործական ուղով։ Տիգրանաշենի կողքի ամբողջ տարածաշրջանը փակ է անասնապահության համար։ Մարդիկ մեզ բողոքում են, որ հնարավորություն չեն ունենում անասուններին տանել արոտներ, որովհետեւ այդ արոտներում սահմանափակումներ կան։ Անգամ այս աղքատության պայմաններում չօգտագործվող արոտների վրա ուղղակի սահմանափակում է դրված։։

Տիգրանաշենը պետք է մնա հայկական, որովհետեւ այստեղով է անցնում ռազմավարական ճանապարհը՝ Հայաստանի հյուսիսը, Երեւանը Վայոց Ձորին եւ Սյունիքին միացնող կապը։ Այս ճանապարհի կարեւոր մասը՝ ութ կիլոմետր հատվածը, անցնում է Տիգրանաշենով։ Եվ մենք իրավունք չունենք մեր երկրի գլխավոր ճանապարհը հանձնել այլ երկրի միայն նրա համար, որ նրանք պահանջում են դա՝ չնայած Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքով Տիգրանաշենը Հայաստանի մեջ է։

Անգամ նոր օրենքով, որ երեկ ՔՊ-ն առաջարկում էր միավորել Վեդին եւ Արարատը, Տիգրանաշենը գրված է որպես հայկական գյուղ։ Քննարկելու բան այստեղ չկա։ Իսկ այս ճանապարհով տարեկան անցնում է 2 միլիոն տոննա բեռ։ Տարեկան 100 հազարից ավել բեռնատար մեքենա Մեղրիից անցնում եւ գալիս է Հայաստանի հյուսիս։ Տասնյակ հազարավոր մարդատար մեքենաներ ամեն օր անցնում են Տիգրանաշենով։ Եվ երբ կորցնենք այս ճանապարհը, միակ այլընտրանքային ուղին կլինի գյուղերով անցնող փոքր ճանապարհ։

Դուք պատկերացնո՞ւմ եք։ Մենք խոսում ենք մեր երկրի մասշտաբային զարգացման մասին, Իրանի հետ հարաբերությունների, Հյուսիս-Հարավի մասին եւ հանձնում ենք ռազմավարական ճանապարհը։ Ու հույսը մնում է գյուղական մի ճանապարհի վրա, որը գրեթե մեկ ժամով երկարացնում է Հայաստան-Իրան ճանապարհը Երեւանից Պարսկաստանի սահման։

Տիգրանաշենի համար «Ուժեղ Հայաստանը» առաջարկում է զարգացում, «Քաղաքացիական պայմանագիրը» առաջարկում է հանձնում։ Իրենք զիջում են ու չեն բերելու խաղաղություն։ Մենք չենք զիջելու եւ ունենալու ենք խաղաղություն։ Այստեղ ստեղծվելու է կարեւոր գյուղատնտեսական կենտրոն, որ մարդիկ հնարավորություն ունենան զարգացնել իրենց տնային տնտեսությունը։

Մեր հասարակությունը պետք է իմանա մեր հայրենիքի այս հատվածի կարեւորությունը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment