Որքան էլ տարօրինակ է, բայց վերջին ժամանակահատվածում իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ մեկ ոլորտը։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա և քաղաքական հաշվեհարդար, որովհետև բոլորն են հասկանում՝ կալանավորված, կալանավորվող և կալանավորվելիք բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերում իրավական կոմպոնենտը զրո է և այստեղ մենք գործ ունենք բացառապես քաղաքական վրեժխնդրության հետ։
Բոլորի համար է սա հասկանալի, որովհետև այն մարդը, ով փոքրիշատե ծանոթ է այս կամ այն քրեական գործին, որոնք հարուցված են Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, և մնացած քաղբանտարկյալների նկատմամբ, հասկանում է, որ իրականում այստեղ իրավական կոմպոնենտը բացարձակապես բացակայում է և այս ամենն ընդամենը քաղաքական հաշվեհարդարի արդյունք է»,-նշել է նա: