Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհ հատվածը կգործարկվի 6 ամսից (PAN.am)

Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհ հատվախը 6 ամսից ամբողջությամբ կբացվի երթևեկության համար, իսկ անավարտ հատվածում շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ճանապարհի արդեն կառուցված հատվածներն իրար միացնելու համար մնացել է ընդամենը 270 մետր։ Այդ հատվածը տարիներ շարունակ անավարտ է մնացել գույքային վեճի և դատական արգելանքի հետևանքով։ Այժմ առկա խնդիրները լուծվել են, իսկ շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, հայտնում է Factor.am-ը:

«Վեց ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։ Այս հատվածը կամբողջացնի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը»,- ասել է Ավինյանը։

Նա նշել է, որ ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնելուց հետո տարանցիկ երթևեկության զգալի մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով, ինչի շնորհիվ կնվազի հարակից և Երևանի կենտրոնական փողոցների երթևեկության ծանրաբեռնվածությունը։

Քաղաքապետի խոսքով՝ դրա հետ մեկտեղ Երևանի արևմտյան հատվածն առավել արդյունավետ կապ կունենա Աշտարակի խճուղու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ։

Leave a comment