Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հասարակություն

15.11.2026 | 16:36

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել,  հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ Գևորգ Պողոսյանի նկատմամբ՝ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (լիազորությունները չարաշահելուն օժանդակելը)։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դռնփակ նիստում բավարարել էր Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի միջնորդությունները՝ համաձայնություն տալով երկու դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։

ԲԴԽ-ն նաև որոշել էր կասեցնել Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները մինչև նրանց նկատմամբ քրեական վարույթների ավարտը։

Leave a comment