Ամենայն հայոց հայրապետի և վեց բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված քրեական գործն ի վերջո «հանգրվանեց» Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ավելի վաղ գործը քննող դատավոր էր նշանակվել Սերժ Ռուշանյանը։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այդ գործով նախնական լսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին։ Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։
Տպավորություն է, որ այս գործն իսկական գլխացավանք է դարձել դատավորների համար, քանի որ այդ գործի վարույթը ստանձնած դատավորները պատրվակներ են փնտրում դրա քննությունից հրաժարվելու համար։
Հիշեցնենք, որ մինչև գործը Սերժ Ռուշանյանին մակագրվելը, այն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր՝ Հակոբ Մանուկյանին էր մակագրվել, որը հրաժարվել էր գործի քննությունից՝ ինքնաբացարկ հայտնելով՝ պատճառաբանությամբ, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով մեղադրվող կողմի պաշտպան, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Սերժ Ռուշանյանն էլ փորձեց խուսանավել գործի քննությունից՝ այն ուղարկելով Երևան՝ ընդդատության վիճարկման հիմքով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ որոշեց գործն ուղարկել Վճռաբեկ դատարան՝ որոշելու, թե ի վերջո ո՞ր դատարանում գործը պետք է քննվի։ Վճռաբեկ դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի և վեց սրբազանների գործը վերադարձվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին, որը պատրաստակամություն էր հայտնել վճռաբեկ դատարանի՝ գործը Արմավիր վերադարձնելու որոշման դեպքում ստանձնել այդ գործի քննությունը։
Հիշեցնենք նաև, որ սույն գործի մեղադրանքով՝ 2026թ. հունվարի 15-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում, կիրառել հայցի ապահովման միջոց։ Հաջորդ օրը դատարանը բավարարել է միջնորդությունը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց արգելելով խոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը։
Մեղադրանքի համաձայն՝ հունվարի 19-ին դատարանի որոշումն ու կատարողական թերթը հանձնվել են Մայր Աթոռին։ Սակայն Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նախագահը Վեհափառ հայրապետն է, առաջարկել է Արման Սարոյանին կարգալույծ անել՝ հայտարարելով, որ նման հարցերը դատարանի իրավասության շրջանակում չեն, և դրանց միջամտությունը եկեղեցու ինքնավարության միջամտություն է։ Գարեգին Բ-ն ընդունել է առաջարկը՝ Սարոյանին զրկելով հոգևոր աստիճանից, հետևաբար նաև թեմի առաջնորդի լիազորություններից։
Քննչական մարմինը դա որակել է որպես դատարանի որոշման կատարմանը գիտակցված խոչընդոտում, ինչին էլ հենց վերաբերում է նշված գործը։
Գարեգին Բ-ից բացի, նույն արարքի համար մեղադրվում են նաև Նաթան Օհանիսյանը, ով արքեպիսկոպոս է և Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը՝ արքեպիսկոպոս և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Վահան Հովհաննէսյանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրենը, Էդգար Հակոբյանը՝ եպիսկոպոս և Սյունյաց թեմի առաջնորդ, Նելսոն Բաբայանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը, ինչպես նաև Արթուր Հակոբյանը՝ եպիսկոպոս և Գուգարաց թեմի առաջնորդ։
Թագուհի Ասլանյան