Մեղրիի համայնքապետը կալանավորվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեն գործով մանրամասներ է հայտնել

Բաժանորդագրվել

Նույն վարույթի շրջանակում ևս 6 անձի նկատմամբ կիրառվել են կալանք և տնային կալանք։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդերասյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիային այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնել են կոմիտեից։

Համայնքապետից բացի այլ անձինք ևս անցնում են նույն գործով։ Կոմիտեից տեղեկացնում են, որ նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը։

Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Կոմիտեից նաև հայտնել էին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։

Հիշեցնենք, որ Խաչատուր Անդրեասյանը Մեղրիի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսի 30-ից: Անդրեասյանը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության անդամ է:

Leave a comment