Պետական համակարգն աստիճանաբար վերածվում է քաղաքական պարգևատրման ցանցի, որտեղ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»

Հայաստանի ներկայիս քաղաքական իրականության մեջ հենց այս վտանգավոր միտումն է առավել տեսանելի։ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ձևավորված քաղաքական վերնախավը տարիների ընթացքում մեծապես հենվել է այն շրջանակների վրա, որոնք այդ գործընթացի մասնակիցը, շահառուն կամ գաղափարական աջակիցն են եղել։ Իշխանության ներսում, բնականաբար, ձևավորվել է մարդկանց խումբ, որը ոչ միայն քաղաքականապես հավատարիմ է «շեֆին», այլև իր կենսագրական առաջընթացը կապում է հենց նրա իշխանության հետ։ Սա ինքնին անսովոր երևույթ չէ, սակայն պետական կառավարման տեսանկյունից շատ վտանգավոր է, եթե այդ մարդիկ բարձր պաշտոնների են նշանակվում ոչ թե փորձի, կառավարման որակների, ոլորտային իմացության և հանրային վստահության հիման վրա, այլ սոսկ այն պատճառով, որ «մերոնքական» են, «քայլել են», կանխատեսելի են, անվերապահ նվիրված են և այլն։ Այդ դեպքում պետական համակարգը աստիճանաբար վերածվում է ոչ թե ինստիտուցիոնալ կառավարման մեխանիզմի, այլ քաղաքական պարգևատրման ցանցի, որտեղ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս։

Բայց Հայաստանում վերջին տարիներին կադրային քաղաքականության շուրջ ձևավորված դժգոհության հիմքում միայն այն չէ, որ իշխանությունը նշանակում է իրեն մոտ մարդկանց։ Ավելի խորքային խնդիրն այն է, որ այդ նշանակումները հաճախ չեն ուղեկցվում համոզիչ բացատրություններով, մասնագիտական չափանիշների հստակ ներկայացմամբ կամ պատասխանատվության համակարգով։ Հանրությունը հաճախ տեսնում է ընդամենը վերջնական որոշումը՝ այս կամ այն անձը նշանակվեց այս կամ այն պաշտոնում։ Բայց հանրությունը չի տեսնում, թե ինչու հենց այդ մարդը, ինչ կարողություններ ունի նա, ինչ արդյունք է ցույց տվել նախկինում, ինչ ծրագիր է բերելու տվյալ ոլորտ, ինչ չափանիշներով է գնահատվելու նրա աշխատանքը և ինչ հետևանք է լինելու ձախողման դեպքում։ Սա վնասում է և՛ պետությանը, և՛ հենց այդ անձանց, որովհետև նրանք աշխատանքի առաջին իսկ օրվանից մտնում են համակարգ՝ հանրային կասկածի ծանր բեռով։ Պետական կառավարման արդյունավետության համար կարևոր է ոչ միայն պաշտոնյայի իրական որակը, այլև այդ որակի նկատմամբ հանրային վստահությունը։ Եթե հասարակությունը համոզված չէ, որ պաշտոնյան իր տեղում է, նրա յուրաքանչյուր քայլ դիտարկվելու է կասկածանքով, իսկ յուրաքանչյուր սխալ՝ որպես ամբողջ համակարգի արատավորության ապացույց։

Սոցիալական ցանցերի ազդեցությունը նույնպես դարձել է ժամանակակից կադրային քաղաքականության առանձնահատուկ բաղադրիչներից մեկը։ Հայաստանում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, քաղաքականությունը մեծապես տեղափոխվել է թվային հարթակներ, որտեղ ձևավորվում են վարկանիշներ, լոյալության ցուցադրություններ, հանրային կերպարներ և թիմային պատկանելության ազդանշաններ։ Որոշ պաշտոնյաներ կամ պաշտոնի հավակնող անձինք, կարծես, ավելի շատ մտածում են իրենց առցանց ներկայության, գրառումների, լուսանկարների, մեկնաբանությունների և քարոզչական ակտիվության մասին, քան իրական աշխատանքի։ Սա ստեղծում է մի վտանգավոր պատրանք, թե ակտիվությունը հավասար է արդյունավետության։ Մինչդեռ պետական համակարգում ամենակարևորը հաճախ այն աշխատանքն է, որը տեսանելի չէ հանրությանը՝ փաստաթղթերի մշակում, իրավական վերլուծություն, միջգերատեսչական համակարգում, ռիսկերի գնահատում, բյուջետային կարգապահություն, կադրերի ընտրություն, ծրագրերի վերահսկում, միջազգային պարտավորությունների կատարում։ Սոցիալական ցանցում «գերազանց երևալը» կարող է օգնել քաղաքական հաղորդակցությանը, բայց չի կարող փոխարինել կառավարման բովանդակությանը։ Երբ պաշտոնյան իր հիմնական էներգիան ուղղում է հանրային կերպարի ձևավորմանը, ոչ թե ոլորտի իրական խնդիրների լուծմանը, կառավարման համակարգը դառնում է մակերեսային և սկսում է արտադրել տպավորություններ, ոչ թե արդյունքներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment