Եվրոպական խորհրդարանում սեպտեմբերի 15-ին քվեարկության կդրվի Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսն ազատականացնող օրինագծը, որը նախատեսվում է կիրառել երկու տարի։ Հաստատվել է սեպտեմբերի 14–17-ը կայանալիք լիագումար նստաշրջանի վերջնական օրակարգը։
ԵԽ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանից Եվրամիություն արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցներ նախատեսող օրինագիծը ներառվել է Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանի օրակարգում, հայտնում է Factor.am-ը:
«Առևտրի ազատականացման միջոցառումները նախորդ շաբաթ ընդունվել են Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովի (INTA) կողմից՝ առանց սկզբնական օրենսդրական առաջարկում որևէ փոփոխություն կատարելու։ Նույնն ակնկալվում է նաև լիագումար նիստում․ փոփոխություններ կամ սկզբնական օրենսդրական առաջարկից շեղումներ չեն նախատեսվում»,- ասել է ԵԽ մամուլի քարտուղար Դանիել Կոստերը։
ԵՄ Խորհուրդը սեպտեմբերի 2-ին հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած առաջարկին՝ այդպիսով արագացնելով Եվրոպական խորհրդարանում կանոնակարգի ընդունման գործընթացը։ Եվրամիությունն այսպիսով նախատեսում է ազատականացնել Հայաստանից արտահանման մոտ 80 տոկոսը։
«Քանի որ Եվրոպական միության խորհուրդը ևս նախորդ շաբաթ աջակցել է ժամանակավոր առևտրային միջոցառումներին, ապա հաջորդ շաբաթ նախատեսվող խորհրդարանական քվեարկությունից հետո կմնան միայն երկու հաստատությունների նախագահների կողմից ստորագրումը և կարգավորման հրապարակումը ԵՄ Պաշտոնական տեղեկագրում»,- ասել է Կոստերը։
Կանոնակարգն ուժի մեջ է մտնելու ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակման հաջորդող օրը և այդ օրվանից կիրառվելու է երկու տարի ժամկետով։
Մաքսատուրքերի ժամանակավոր կասեցումն անվերապահ չի լինելու։ Արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու համար Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման նկատմամբ կիրառվող կանոնները, ԵՄ-ի հետ ապահովի վարչական համագործակցություն և Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանի։
Հայաստանից պահանջվելու է նաև հարգել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնարար սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։
Եվրահանձնաժողովն այս նախաձեռնությունը ներկայացրել է հայկական ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման արգելքից հետո։ Բրյուսելի գնահատմամբ՝ առաջարկված միջոցները միաժամանակ պետք է նվազեցնեն Ռուսաստանի սահմանափակումների ազդեցությունը և նպաստեն ԵՄ–Հայաստան առևտրային հարաբերությունների ամրապնդմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։
Նախատեսվող արտոնությունները կարող են ներառել ապրանքատեսակներ, որոնք համարժեք են Հայաստանից Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99 տոկոսին։ Դրանք կարող են ընդգրկել նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91 տոկոսին համապատասխանող ապրանքատեսակներ։