Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում

Թրիփի շինարարության մեկնարկը տեղափոխվել է հաջորդ տարի, Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատարի՝ Բաքու կատարած այցից հետո հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարը: Որ աշխատանքները հաջորդ տարեսկզբին կմեկնարկեն, օրերս չէր բացառել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենին երեկ Բաքվում ընդունել էր Ջեյհուն Բայրամովի տեղակալը:

Պաշտոնական Բաքուն առանց փակագծեր բացելու արձանագրային հայտարարություն էր տարածել.«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման քայլերը, «Թրամփի ուղու» ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև TRIPP զարգացման ընկերության ստեղծումը»:

Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունները ամերիկացի դիվանագետի հանդիպմանը դեռ պաշտոնական հաղորդագրությամբ չեն անդրադարձել: Բայց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան խոսնակը «Ազատությանը» այցի նպատակի մասին որոշ տեղեկություններ փոխանցել է:

«Քանի որ TRIPP-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ, այս վարչակազմի առաջնահերթությունը պահանջում է տարածաշրջանային սերտ համակարգում։ Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունները համատեղ աշխատել են Գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Բաքու այցի կազմակերպման ուղղությամբ՝ աջակցելու TRIPP-ի լիարժեք իրականացմանն ու ԱՄՆ-Հայաստան շրջանակային համաձայնագրով ստանձնած հանձնառություններին», — հայտնել են Երևանում ԱՄՆ դեսպանատնից:

Leave a comment