Սեպտեմբերի 9-ին Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որին նախորդել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։
Ֆրանսիայի նախագահն առանձնահատուկ նշանակություն է տվել բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին համապատասխան։
Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար և կարևորել է տիեզերական բնագավառում Ֆրանսիայի հետ գործակցության հետագա խորացումը։ Հայաստանի ղեկավարը նշել է, որ երկիրը հետաքրքրված է այս ուղղությամբ ավելի առարկայական գործընկերության ձևավորմամբ։
Զրուցակիցները շեշտել են, որ երկու պետությունների ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից մեկը տնտեսական համագործակցությունն է։ Այս համատեքստում կողմերն ընդգծել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները հասել են առարկայական փուլի։ Այդ կապակցությամբ կարևորվել է շինարարական աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Հատուկ ընդգծվել է խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը հետևողականորեն իրականացնելու կարևորությունը։
Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով է Փարիզում՝ մասնակցելու է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: