Հասարակություն
10.09.2026 | 10:05
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել հաշվառման-քննական ծառայությունների արդիականացման և առավել քաղաքացիակենտրոն մոդելի անցնելու վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ և ոլորտի գործընկերներ։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ տեխնիկական թարմացումներին զուգահեռ անհրաժեշտ է վերանայել ծառայությունների մատուցման գործող մոտեցումներն ու ընթացակարգերը՝ դրանք ավելի պարզ, թափանցիկ և հարմարավետ դարձնելու համար։ Նախարարի խոսքով՝ ոլորտում անհրաժեշտ են «թռիչքաձև զարգացմանը» միտված քայլեր, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով։
Քննարկման ընթացքում կարևորվել է նաև պետության և մասնավոր հատվածի գործառույթների հստակ տարանջատումը՝ միաժամանակ պահպանելով պետական վերահսկողությունն ու առանցքային որոշումների կայացման գործառույթները։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է ուսումնասիրել միջազգային փորձը, ամբողջությամբ գնահատել գործող գործընթացներն ու մշակել ոլորտի վերափոխման գործողությունների ծրագիր։ Նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սեղմ ժամկետներում՝ հստակեցնելով փուլերը, պատասխանատուներին, ժամկետներն ու ակնկալվող արդյունքները։