Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանն ամփոփել է Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ դարձել էր բրոնզե մեդալակիր:
«Ի սկզբանե աշխարհի առաջնությունը լավ չդասավորվեց մեր թիմի համար, իսկ ինձ երևի թե չբավարարեց ժամանակը, որովհետև խնդիրների պատճառով երկու ամիս չէի մարզվում: Երևի չհասցրեցի լավ մարզավիճակ հավաքել ու վերականգնվել: Սակայն պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս, բայց չստացվեց: Պատրաստվում ենք առաջիկա մրցումներին, հուսով եմ՝ ավելի լավ կլինի:
Մրցակիցներիս բարձրացրած կիլոգրամներն ինձ համար սպասելի էր: Ես պատրաստ էի դրան ու պայքարելուն: Շնորհավորում եմ Իրաքի ու Իրանի ներկայացուցիչներին»,- նշել է 27-ամյա ծանրորդը:
Հիշեցնենք, որ գերծանր քաշային կարգում (+110 կգ) Լալայանը 457 կգ (210+247) արդյունք էր գրանցել երկամարտում: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր Իրաքի ներկայացուցիչ Ալի Ռուբայավին, որի երկամարտի արդյունքն էր 466 կգ (211+255): Արծաթե մեդալակիր էր դարձել իրանցի Ալիրեզա Յուսեֆին՝ 458 կգ (195+263):
Վարազդատ Լալայանը նախորդ երկու աշխարհի առաջնությունների չեմպիոնն է: ԱԱ-2026-ին Հայաստանի հավաքականը մասնակցել էր 12 ծանրորդով ու պայքարն ավարտել էր երկամարտի մեկ մեդալով:
Դավիթ Եղիազարյան