«Հրապարակ» թերթը գրում է. Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերն ակտիվ քննարկումների մեջ են։ Սակայն լուրջ խնդիր է դարձել համայնքներում առաջադրվելու պատրաստակամ թեկնածուներ գտնելը։ Մարդիկ զգուշանում են, քանի որ Փաշինյանի վարչակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, եւ մարդիկ խուսափում են առաջադրվել, որ չթիրախավորվեն ու բերդում չհայտնվեն:
Մենք տեղեկացանք, որ ստեղծված իրավիճակից ելքը գտել են, այսպես կոչված, արմատական ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներով չառաջադրվելու մեջ։ Այլընտրանքային թեկնածուները հանդես կգան որպես անկախ թեկնածուներ` հնարավոր չեզոք կուսակցական ցուցակներով, սակայն ընդդիմությունը նրանց կաջակցի։ Նպատակն այն է, որ թեկնածուների անուններն ուղղակիորեն չկապվեն ընդդիմադիր կուսակցությունների հետ, եւ ապօրինությունների մեջ հմտացած իշխանությունները նրանց չթիրախավորեն: Սա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը չեն շտապում հայտարարել առաջիկա ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի եւ թեկնածուների մասին։
«Փաստ» օրաթերթը գրում է, որ երբ վստահելիության չափանիշը դառնում է միակ չափանիշը, պաշտոնը վերածվում է քաղաքական պարգևատրման ռեսուրսի։ Թերթի գնահատմամբ, 2018-ի իշխանափոխությունից հետո վերնախավը մեծապես հենվել է գործընթացի մասնակիցների և աջակիցների վրա։
Ըստ պարբերականի, նշանակումները հաճախ չեն ուղեկցվում մասնագիտական չափանիշների հստակ ներկայացմամբ ու պատասխանատվության համակարգով, ինչը խորացնում է հանրային կասկածը։ «Փաստ»-ը շեշտում է, որ սոցցանցերում ակտիվությունը չի կարող փոխարինել բովանդակային կառավարմանը։
Թերթը կարևորում է ոչ միայն կրթությունն ու փորձը, այլև անձնական հատկանիշները՝ աշխատասիրություն, պատասխանատվություն, սառնասրտություն, ազնվություն, կազմակերպչական ունակություններ և պետական շահը կուսակցականից վեր դասելը։ Այս որակները, ըստ աղբյուրի, երևում են աշխատանքի ընթացքում ու ճգնաժամերում։