Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ


Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում նոր ընթերցասրահ է բացվել՝  նախատեսված սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։


Ընթերցասրահը ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ որպես հատուկ նախագիծ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար:


«Աջակից ընթերցասրահ» խորհրդանշական անվանումով այս միջավայրում յուրաքանչյուր ընթերցող կարող է հավասար հիմունքներով և իր կարիքներին համապատասխան օգտվել գրադարանի ռեսուրսներից, կրթական և մշակութային հնարավորություններից։ Ընթերցասրահը համալրված է ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Ներդրված միջոցներն ու տեխնոլոգիաները հնարավորություն կտան գրականությունն ու տեղեկատվությունը ներկայացնելու տարբեր ձևաչափերով՝ նպաստելով գրադարանային ծառայությունների առավել հարմարավետ, արդյունավետ և մատչելի կազմակերպմանը։


Ընթերցասրահի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները՝ եղբայրը՝ Ադամ Այվազյանը, նրա կինը և թոռները, Ազգային գրադարանի ընթերցողներ, աշխատակիցներ, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան ներկայացուցիչներ։


«ՀՀ Կառավարությունը սահմանափակ կարողություններով մարդկանց համար հնարավորություններ ստեղծելը կարևոր առաջնահերթություն է համարում: Նպատակն է՝ քաղաքացիներն ունենան հավասար հնարավորություններ՝ օգտվելու բոլոր ենթակառուցվածքներից»,- բացման խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ կարևորելով նախաձեռնությունը։ 

Դիտումների քանակ4

Leave a comment