«Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել քաղաքական հետապնդումների փաստերը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին փակ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում հավատարմագրված մի շարք արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրոպական միության, Նիդերլանդների, Իսպանիայի, Չեխիայի և Էստոնիայի դեսպանությունների պատվիրակները։

Զրույցի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները միջազգային գործընկերներին ներկայացրել են երկրում ժողովրդավարական ինստիտուտների լիակատար դեգրադացիան, մարդու իրավունքների համակարգային ոտնահարումներն ու իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում, ինչը, նրանց գնահատմամբ, հանգեցրել է դասական ավտորիտար համակարգի ձևավորմանը։

Դիվանագետների ուշադրությունն է հրավիրվել քաղաքական ընդդիմության նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վրա։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների դեմ ծավալված քրեական հետապնդումներին ու ճնշումներին։

Խմբակցության ներկայացուցիչները շեշտել են, որ գործող վարչախումբը պետական ապարատն ու իրավապահ համակարգը ծառայեցնում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Ընդդիմադիրների համոզմամբ՝ քաղաքական գործիչների և առաջնորդների չեզոքացման այս արշավն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի պահանջով նախապատրաստվող հերթական միակողմանի զիջումների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment