Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին

Բեռլինը կարող է օգնել Կիևին հայրենիք վերադարձնել Գերմանիայում գտնվող զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց։ Այս մասին Bild-ին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։

«Մենք գիտենք, թե ով է ապրում այստեղ։ Ով է ստանում սոցիալական նպաստներ կամ ով է գրանցված այստեղ, ով ունի բնակության թույլտվություն», – ասել է նա։

Նրա խոսքով՝ այս տվյալների հիման վրա Ուկրաինայի իշխանությունները կարող են կապ հաստատել իրենց քաղաքացիների հետ և ծանուցել նրանց զորակոչի մասին։ Վադեֆուլը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է նրանց Ուկրաինա վերադարձին «առանց հարկադրանքի»։

Գերմանացի նախարարը  մեկնաբանել է Բավարիայի վարչապետ և Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Մարկուս Զյոդերի առաջարկը, որը դեռևս 2025 թվականի հոկտեմբերին հայտարարել էր Գերմանիա մեկնող երիտասարդ ուկրաինացի տղամարդկանց մուտքը  սահմանափակելու անհրաժեշտության մասին, որոնք «իրենց հայրենիքը պաշտպանելու փոխարեն գնում են Գերմանիա»։

Զյոդերի այդ հայտարարությանը նախորդել էր 2025 թվականի օգոստոսին Ուկրաինայի իշխանությունների ընդունած որոշումը՝ ռազմական դրության պայմաններում 18-22 տարեկան տղամարդկանց՝ երկրից դուրս գալու արգելքը հանելու մասին։ Դրանից հետո Գերմանիա ժամանող ուկրաինացի տղամարդկանց թիվը, ինչպես նաև նրանց կողմից ժամանակավոր պաշտպանության համար ներկայացվող դիմումների քանակը զգալիորեն աճել էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment