Ռուսաստանն ու Թուրքիան վերահաստատել են իրենց շահագրգռվածությունը «3+3» տարածաշրջանային հարթակի աշխատանքների շարունակման հարցում՝ այն դիտարկելով որպես Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման արդյունավետ մեխանիզմ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Մոսկվայում սեպտեմբերի 8–9-ին անցկացվել է ռուս-թուրքական միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական փուլը։
Թուրքիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի դեպարտամենտի տնօրեն Մեհմեդ Սամսարը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ-ի պրոֆիլային դեպարտամենտների ղեկավարության հետ։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Կենտրոնական Ասիայում համագործակցությունը և Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացումը:
Խորհրդակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան արձանագրել են արտաքին այնպիսի նախաձեռնությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի առաջացման։ Այս համատեքստում Մոսկվան և Անկարան ընդգծել են իրենց շահագրգռվածությունը «3+3» հարթակի կանոնավոր աշխատանքի շարունակման հարցում, որը կմիավորի Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային:
Կողմերի կարծիքով՝ «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի հիման վրա այս ձևաչափը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:
Ռուսական կողմը ներկայացրել է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր մոտեցումները, որոնք հիմնված են դրա արմատական պատճառների վերացման վրա, և գնահատականներ է տվել Սև ծովում Կիևի գործողություններին, որոնք, Մոսկվայի գնահատմամբ, սպառնալիքներ են ստեղծում նավագնացության անվտանգության համար, այդ թվում՝ Թուրքիայի համար: