Իշխանյանը՝ Բաքվի բանտից․ Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ հորդորելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին այցելել Բաքու, ինչպես նաև դիմել է ՀՀ պետական պատասխանատուներին։

«Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են։ Իմացած եղեք՝ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ, դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝ ձեր։ Ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք, օրինակ վերցրեք օտարներից։ Պինդ եղեք, ժողովուրդ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Իշխանյանը հորդորել է ՄԻՊ-ին այցելել Բաքու և «ծանոթանալ խաղաղության դատավարության դատապարտյալներին»։

«Հրավիրում եմ ձեզ Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական հիմնարկ՝ մեզ հետ հանդիպման։ Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է, որևէ բարդություն չպետք է լինի, գաք ու ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։

Սպասում ենք։

Հայաստանի իշխանության պատկան մարմիններին ու պատասխանատուներին ասելիքս այս պահին հետևյալն է՝ պահանջեք և ստացեք, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, ծագումով հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դատավճիռները և ինքներդ քննարկեք՝ կա՞ն հայկական պետականությանն ու պետությանը, հա ժողովրդի իրավունքներին ու պատվին անդրադառնող հարցեր։

Մենք տալիս ենք հիմնավորված, փաստարկված, արժանի պատասխաններ, բացատրություններ, մի կասկածեք։ Այդ դատավարությունը Ադրբեջանի դատական համակարգի համար վեր է ածվել կատարյալ ֆիասկոյի։ Դատարանում դրա մասին բարձրաձայնել ենք, այլ հարց է, թե ինչպես է կախյալ ու գրաքննող մամուլը դա ներկայացնում»,-ասվում է ուղերձում:

Իշխանյանը նշել է, որ մինչ օրս չունեն իրենց մեղադրական դատավճիռները: Իշխանյանն ու մյուս գերիները նաև 2025թ․ օգոստոսի 22-ից չեն կարողանում լիազորագիր տրամադրել ՀՀ-ում իրենց լիազորված անձին, որ նա կարողանա իրենց շահերը պաշտպանել ՀՀ-ում և դրանից դուրս։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a comment