«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների քաղաքական նպատակը ՀԱՊԿ-ի շահերը պաշտպանելն է՝ ընդդեմ ՀՀ-ի. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների քաղաքական նպատակը ընդդեմ ՀՀ-ի ՀԱՊԿ-ի շահերը պաշտպանելն է, քաղաքացիներին ապացուցելը, որ Հայաստանում 2018 թվականից առաջ կյանք չի եղել և ամեն ինչում ՀՀ իշխանություններին մեղադրելը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:
«Նոր գումարման խորհրդրանի մեկնարկից կարելի է ասել ականտես ենք լինում մի ֆանտաստիկ հանգամանքի, երբ որ փաստացի տարիներ շարունակ տարբեր օտարերկրյա գործիչների կողմից առաջ մղվող թեզերը եկել մտել են ՀՀ ԱԺ: Խոսքը մասնավորապես ՀԱՊԿ-ի շահերի գերպաշտպանության մասին է՝ ի վնաս ՀՀ պետական շահերի: «Քաղաքացիները պետք է իմանան, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, և հետևաբար այդ ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը, գտնում է, որ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններում մեղավորը Հայաստանն է»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ նման դիրքորոշումը աբսուրդային է և քաղաքացիները սա լավ գիտեն:
Ըստ Ալեքսանյանի՝ ընդդիմադիրները նաև առաջարկում են մոռանալ այն քաղաքական թերությունները, որոնք տեղ էին գտել 2018 թվականից առաջ:
«Երբ որ այստեղ գալիս են ու փորձում են մեզ դասեր տալ արտաքին քաղաքականության և մնացածի ու ՀԱՊԿ-ի հետ վարվեցողության վերաբերյալ, ես ուզում եմ հիշեցնել, որ այս «Ուժեղ Հայաստան»-ի իրավանախորդ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» իշխանության տարիներին ՀԱՊԿ անդամներից մեկը Ադրբեջանին վաճառել է հարձակողական զինտեխնիկայի մեծ տոկոսը, որը պատգամավոր Գառնիկ Դավթյանը վստահաբար լավ կիմանա: Կարծեմ 5 մլրդ-ի հասնող զենք է եղել: Եթե ՀԱՊԿ-ի օրինակելի գործընկերության ձևաչափը դա է, ուրեմն ես դա լավ չեմ պատկերացնում»,-ասաց ԱԺ նախագահի տեղակալը:
Նա նաև հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլ ամսին այդ ժամանակ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանն էր ԱԺ ամբիոնից հայտարարել, որ բանակցությունները փակուղում են, մինչդեռ ընդդիմադիրները իշխող ուժից են հիմա պահանջում բացատրել, թե ինչու է 2020-ից տեղի ունեցել Ադրբեջանի հետ հակամարտության փուլերը:
«Փաստացի փորձում են քաղաքացիների հիշողությունից ջնջել, որ 2018 թվականից առաջ կյանք է եղել: 2018 թվականից առաջ ձախողված ու փաստացի փակուղում հայտնված բանակցություններ են եղել: 2018 թվականից առաջ համկարգված կերպով Հայաստանի ու Ղարաբաղի բանակցային դիրքերը ուղղակի զիջվել են ու այնքան են զիջվել, որ էլ ասելու չէ ուղղակի»,-ասաց Ալեքսանյանը: