«Տավուշի մարզից 4 գյուղեր ապօրինի հանձնեցիք Ադրբեջանին», «Սուտ եք խոսում, պարոն Ղազարյան»․ վեճ ԱԺ-ում

ԱԺ Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկեց հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ հանձնաժողովի նախագահ ընտրված չէ։

Ավելի վաղ այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրել էր Իրինա Յոլյանի թեկնածությունը, բայց ՔՊ-ն չէր ընտրել նրան։

Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հանձնաժողովի այսօրվա նիստի սկզբում ասաց, որ այսօրվա նիստի փոխարեն պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ եւ քննարկվի «Ուժեղ Հայաստան»-ի կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանի՝ հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը։

Նիստը նախագահող ՔՊ-ական Վահե Ղալումյանն ասաց, որ իրենց նախաձեռնությունն օրենքի տառին համապատասխանում է։ «Մեր ընդդիմադիր գործընկերներին կոչ եմ անում՝ եթե մեր որոշման մեջ հակաօրինական որեւիցե բան նկատել եք, կարող եք օրենքով նախատեսված ձեւով դրան ընթացք տալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Այնուհետեւ հանձնաժողովը սկսեց քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ ՔՊ-ական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանի թեկնածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցրեց․ «Դուք թեկնածության առաջադրումից առաջ տեղյա՞կ եք, որ պարոն Ղալումյանի արյունակից եղբայրը՝ Հայկ Ղալումյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնը։ Տվյալ հանձնաժողովը վերահսկողություն պետք է իրականացնի գործադիր իշխանության, տվյալ դեպքում՝ տվյալ ոլորտի գործունեության նկատմամբ։ Այստեղ դուք շահերի բախում չեք տեսնո՞ւմ թեկնածության առաջադրման պահին, որ փաստացի պետք է եղբայրը վերահսկողություն իրականացնի եղբոր գործունեության նկատմամբ, որը չի կարող լինել օբյեկտիվ ու անաչառ»։

Վոլոդյա Հակոբյան

Ի պատասխան ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն ասաց․ «Պարոն Ղալումյանն արդեն երկար տարիներ այս հանձնաժողովում է եղել եւ որպես նախագահ՝ իր պարտականությունները կատարել է։ Այդ ընթացքում Հայկ Ղալումյանը եղել է Տավուշի մարզպետ, եւ կարծում եմ՝ նախորդ գործունեությունը շահերի բախման խնդիր չի առաջացրել»։

Էդգար Ղազարյանը շարունակեց հարցադրումը․ «Թե ինչ արդյունավետությամբ է պարոն Ղալումյանն իրականացրել խորհրդարանական վերահսկողություն նաեւ Տավուշի մարզում, գնահատականները շատ տարբեր են։ Մասնավորապես, 2024 թվականի Տավուշի մարզից 4 գյուղեր եւ հարակից տարածքներ ապօրինի հիմունքներով Ադրբեջանին հանձնելու գործընթացը․․»։

«Դուք սուտ եք խոսում պարոն Ղազարյան, նման փաստ չի եղել, Տավուշի մարզից երբեք Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»,- Էդգար Ղազարյանին ընդհատեց Վահե Ղալումյանը։

Էդգար Ղազարյան առաջարկեց ՔՊ-ին հետ կանչել Ղալումյանի թեկնածությունը։

«Մենք չենք պատրաստվում դիտարկել ձեր առաջարկությունը եւ հետ կանչել մեր թեկնածուին»,- արձագանքեց ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Էդգար Ղազարյանը նաեւ հարցրեց․ «Ես կխնդրեմ ձեզ ասել, թե այդ ժամանակահատվածում, երբ Տավուշի մարզից տարածքներ եք հանձնել Ադրբեջանին, դրանից առաջ դուք եք պաշտոնավարել եւ որպես մարզպետ՝ լիարժեք վերահսկողություն եք ունեցել այն տարածքների նկատմամբ, որոնք հայկական վերահսկողությունից հիմա դուրս են։ Ստացվում է, որ դուք ապօրինի տարածքների վրա իշխանություն եք ունեցե՞լ»։ Նա ասաց, որ սահմանազատման գործընթացը Տավուշում ապօրինի է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

«Տավուշի մարզից ոչ մի տարածք չի տրվել, Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք՝ 65 բնակավայր։ Եթե 65 բնակավայրից կտաք ձեր նշած 4 բնակավայրի անունները, այն ժամանակ կխոսենք»,- արձագանքեց Ղալումյանը։

Էդգար Ղազարյանը կոչ արեց չընտրել Վահե Ղալումյանին՝ նշելով, որ կա շահերի ուղիղ բախում նաեւ վարչապետի ընտանիքի հետ ունեցած անձնական հարաբերությունների բերումով։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment