Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առաջացած խնդիրները միայն բողոքարկման մեխանիզմներով չեն լուծվի․ դրանք ունեն քաղաքական ենթատեքստ և պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսության միջոցով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումներին։

Նրա խոսքով՝ հայկական կողմը աշխատանքային մակարդակում փորձում է հասկանալ խնդրի խորությունը, այդ թվում՝ ուսումնասիրել, թե որ ապրանքատեսակների դեպքում կան ստանդարտներին համապատասխանության խնդիրներ և ինչ հնարավոր է բարելավել։

«Բոլոր ապրանքատեսակները միաժամանակ չէին կարող չհամապատասխանել ստանդարտներին։ Բնականաբար, այս նախընտրական շրջանում և հետընտրական շրջանում նման որոշում կայացնելը չի բխում մեր և Ռուսաստանի Դաշնության բարեկամական հարաբերություններից և մեր երկու երկրների պետական շահերից»,- ասաց Խանդանյանը։

Նրա գնահատմամբ՝ նման սահմանափակումները նաև հակասում են Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը, որի հիմքում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժն է։

Միաժամանակ, Խանդանյանը նշեց, որ Ռուսաստանի հետ բանակցությունները չեն դադարել, և համապատասխան գերատեսչությունները շարունակում են քննարկումները։ Նա նաև ընդգծեց, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի բողոքարկման գործընթացի մանրամասներին ամբողջությամբ ծանոթ չէ։

«Մեր նպատակը որևէ մեկին պատժելը չէ։ Մեր նպատակն է, որպեսզի հարցերը կարգավորվեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ եթե խնդիրն ունի քաղաքական ենթատեքստ, ապա դրա լուծման համար անհրաժեշտ է նաև քաղաքական խոսակցություն։

Խանդանյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական, և հայկական կողմը չի ցանկանում Ռուսաստանի հետ գնալ առճակատման ճանապարհով։

Սարգիս Խանդանյանն անդրադարձավ նաև Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին` նշելով, որ սահմանազատումը հյուսիսից հարավ իրականացվելու վերաբերյալ որոշումը նորություն չէ։

Նրա խոսքով՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները վաղուց են պայմանավորվել այդ ուղղության մասին, իսկ գետնի վրա աշխատանքների իրականացման փուլում հնարավոր է որոշակի լոկալ փոփոխություններ լինեն՝ մասնավորապես ենթակառուցվածքների, երկաթուղու, գազամուղների կամ էլեկտրահաղորդման գծերի անցկացման հետ կապված հատվածներում։

Խանդանյանը նաև հերքեց այն մոտեցումը, թե սահմանազատման ուղղությունը Ադրբեջանը թելադրում է Հայաստանին՝ ընդգծելով, որ այդ որոշումը երկու կողմերի պայմանավորվածության արդյունք է։

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հայտարարելով, որ սահմանազատման աշխատանքները կիրականացվեն հյուսիսից հարավ։

Մանրամասները` տեսանյութում:

 

Արփի Հակոբյան

Leave a comment