Սերը հայրենիքի նկատմամբ

Հայ իրականության մեջ նոր երևույթ չէ ծաղրել հայրենասիրությունը

Ծաղր երեւույթը թշնամու եւ չարին ծառայող ապազգային մարդկանց հիմնական գործիքներից է եղել բոլոր ժամանակներում, երբ ազգային ոգով դաստիարակված մարդկանց փորձում են ետ պահել ազգին եւ Աստուծուն ծառայելու ձգտումից եւ արարելուց, օգտագործում են այդ, ոչ մի քննադատության չդիմացող անմարդկային եզրույթը։ Անասունն է, որ զուրկ է բանականությունից, որի համար էլ նրա համար հայրենիք գոյություն չունի, եւ տեղին է ասել առաքյալը. այդպիսի մարդը վեր է ածվում անբան անասունի։

Հայրենասեր բառն առաջին անգամ օգտագործել է սուրբ Մովսես Խորենացին։ «Հայոց Պատմություն»-ում հիշատակելով Հայոց երեք ամենահզոր արքաներին՝ Հայկ Նահապետին, Արամին, ում անվանում է Հայկյան Արամ եւ Տիգրան Առաջին Երվանդյանին, Հայկյան Արամին անվանում է հայրենասեր։

Մեջբերում. «Արամի մասին պատմում են, թե շատ քաջ գործեր է կատարել հաղթական պատերազմներում եւ ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր աշխարհը, ինչպես հույները՝ Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները՝ Արմենիկ։ … Սա աշխատասեր եւ հայրենասեր մարդ լինելով, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը (նկատի ունի Մար Աբասին), լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգեր ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա» (Մովսես Խորենացի «Հայոց Պատմություն» 1997, էջ 89):

Սերը հայրենիքի նկատմամբ, դա առաջին հերթին սեր է Աստուծու նկատմամբ։ Չէ՞ որ այս Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակը, Աստված է մեզ պարգեւել եւ պատգամել. խնամել, պահել, պահպանել եւ սերնդեսերունդ փոխանցել հետնորդներին։

Ծաղրել հայրենասիրությունը, դա անԱստվածության հերթական դրսեւորումներից է։ Մեր այսօրվա իշխանությունը՝ ավելի ճիշտ, իշխանությունը բռնազավթած մարդկանց խումբը, որը ծառայում է չարին, բնականաբար, պետք է ծաղրի ամեն Աստվածայինը։ Այնպես որ, պետք է այն դիտարկենք անԱստվածների համընդհանուր հարձակման տեսանկյունից, քանի դրանք բացահայտ պատերազմ են սկսել Աստուծո եւ մեր Հայրենիքի դեմ, հանձինս՝ հալածելով հայ Եկեղեցին, հոգեւորականներին, եւ ամեն հոգեւորը, որը ազգային է (հիշենք Պողոս առաքյալին, որը դեռեւս Սավուղ էր եւ հալածում էր Աստուծու հետեւորդներին։ Երբ նա հերթական հալածանքների համար մեկնում էր Դամասկոս, ճանապարհին Աստված նրան կուրացնում է եւ դիմում, թե, Սավուղ, ինչո՞ւ ես ինձ հալածում, երբ Սավուղը հարցնում է, թե ո՞վ ես, մեր Տէրը պատասխանում է, որ ինքն է, Նազովրեցի Հիսուսը։ Այսինքն, այստեղ Նա ցույց է տալիս, որ իր ընտրյալներին հալածել, նշանակում է հալածել իրեն, Աստուծուն

Մեր ազգի մի զգալի մասը երբեմն հեռացել է Աստուծուց, որի հետեւանքով ազգը ընդհարական փորձությունների է ենթարկվել, տառապանքներ կրել, տկարացել, Հայրենիքի մի մասը երբեմն կորցրել, վերականգնել այն եւ այսպես շարունակ, եւ հասել այսօրվա հանգրվանին։

Այսօր առավել տկար վիճակում ենք, քանի որ երկրի ղեկին են հայտնվել անԱստված մարդիկ, չարի կամակատարներ, որոնք էլ ավելի տկարացրին Հայոց աշխարհը։ Սակայն ակնհայտ է, որ այս ամենը կատարվում է մեր մեղքերի պատճառով, Աստուծուց հեռանալու պատճառով։ Ինչո՞ւ այս աստիճան նվաստացման արժանացանք, որ նույնիսկ մեր Հայրենիքի իշխանության ղեկին եղածները ծաղրում են՝ Հայրենիքը սիրողներին, հանուն հավատքի եւ Հայրենիքի իրենց կյանքը զոհածներին։

Հայրենիքի նվիրյալին որքան պատկերավոր է ներկայացնում մեր Եկեղեցու նվիրյալ եպիսկոպոսը՝ Տէր Ղեւոնդ եպս. Դուրյանը (20-րդ դարի սկիզբ). «Ահավասիկ նաև հայրենիքին նվիրված մարդը: Նա ողջ սրտով սիրում է իր հայրենիքը: Նրա հայրենասիրությունը հայրենիքի հողը սիրելու մեջ չէ, ո՛չ էլ հայրենիքի տեսարանների գեղեցկությամբ պարծենալու, ու ո՛չ հայրենյաց բնական հարստության աղբյուրներով հպարտանալու:

Հայրենանվեր մարդն իր ճշմարիտ հայրենասիրությունը ցույց է տալիս իր հայրենակիցներին սիրելով, սեփական անձը նրանց բարօրության համար զոհելով: Միշտ հավատարիմ է հայրենակիցներին և նրանց երբեք չի ծառայեցնում իր անձնական շահերին:

Ճշմարիտ հայրենասերը գիտի հայրենիքի բարգավաճման համար աշխատել, չարչարվել, հայրենիքի բեռը սիրով կրել՝ առանց որևէ ակնկալության, առանց սպասելու, որ ի վարձատրություն իր արած աշխատանքի ու հեղած քրտինքի՝ դափնեպսակներ պիտի շնորհվեն իրեն:

Ճշմարիտ հայրենասերը նա է, ով ինքնազոհաբերվում է հայրենիքի փառքի ու հզորության համար, ով, իր անձը մոռանալով, մտածում է միայն հայրենիքի ապահովության, իր եղբայրների փրկության ու երջանկության, երկրի բարգավաճման մասին, այդպիսով հայրենասիրությունն իր դավանանքը դարձնելով:

Հայրենասիրություն կա, որ նյութապաշտական ու կույր է: Այդպիսի հայրենասերը նվիրվում է միայն հաղթանակին ու իշխանությանը: Հայրենիքի համար գործված այն զոհողությունը, որը զուրկ է խղճից, չի կարող հավատքի դրսևորում լինել. այդպիսի զոհողությունը հակաքրիստոնեական է:

Նա, ով հայրենիքը խղճից գերադաս է համարում, նվաստացնում է Աստծու փառքը, և այդ հայրենիքը վերածում է մի զզվելի կուռքի: Կարծիք կա, որ Ավետարանը դեմ է հայրենիքին, որ հավատքի մարդիկ անտարբեր են հայրենիքի նկատմամբ: Բայց ընդհակառակը, Ավետարանը ճշմարիտ հայրենասերի գիրքն է: Երուսաղեմի համար Հիսուսի ողբը հայրենասիրության ուշագրավ ցուցիչ է:

Հիսուսի՝ Իր հայրենիքի հանդեպ տածած սիրո և զոհողության նշաններն արդյոք չե՞ք տեսնում Նրա այս խոսքերում. «Երուսաղե՛մ, Երուսաղե՛մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին. քանի՜ անգամ կամեցա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է հավաքում իր ձագերին թևերի տակ, բայց չկամեցաք»: Պատմության մեջ հարատևում են այն ազգերը, որոնք գիտեն զոհողության նշանակությունը: Եսասեր ժողովուրդները կործանվում են:» Տէր Ղեւոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.։

Հայրենասիրության եւ Աստուծուն հավատարիմ լինելու այսպիսի դաս է տվել նաեւ մեր մեծագույն վիպասան Րաֆֆին իր Սամվել պատմավեպում։

Եկեք մտովի պատկերացնենք Րաֆֆու ապրած ժամանակաշրջանը, Հայրենիքը թշվառության մեջ, մի հատվածը հեծում էր թուրքերի լծի տակ, մյուս մասը՝ ռուսի։ Այդ պայմաններում, Հայրենիքի սիրով տառապող եւ մտավոր կարողություններով օժտված հայերը Հայաստանի եւ աշխարհի տարբեր գաղութներում մտածում էին Հայաստանի ազատագրության եւ իր երբեմնի փառքը վերականգնելու մասին։ Րաֆֆին վեր է հանում Հայրենիքի ազատության եւ անկախության վերականգնման խնդրով տոգորված հայ իշխանական երիտասարդների գործն ու նվիրումը վաղ միջնադարում, որը պետք է ուղեցույց հանդիսանար հայ երիտասարդությանն անմնացորդ նվիրվելու եւ ազատագրելու իր Հայրենիքը եւ հավատարիմ մնալու իր Աստուծուն։ Այս հրաշալի պատմավեպով Րաֆֆին ցույց է տալիս նաեւ հայ մարդու հավատքն ու նվիրումը առ Աստված, ինչպիսին ավանդել էր մեր պետության հիմնադիր Հայկ Նահապետը, որը չենթարկվեց Աստուծու դեմ ապստամբած չարի մարմնացում Բելին, եւ թույլ չտվեց ոտնակոխ անել մեր սուրբ Հայրենիքն ու անարգել Աստուծուն։ Իր հերոսի միջոցով Րաֆֆին ցույց է տալիս Հայրենիքին եւ Աստուծուն նվիրվելու անչափելի զոհողությունը, չխնայել անգամ հարազատ հորը եւ մորը՝ մեկին սպանելով հանուն հայրենիքի, իսկ մյուսին՝  հանուն հավատքի։ Քանի Աստված է պատգամել. «37Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։» Ավետարան ըստ Մատթեոսի:

Աստված ինչ է ասում մեզ. «Ես եմ քեզ ստեղծել եւ պետք է սիրես ինձ քո ամբողջ սրտով եւ էությամբ»։

Ինչպես երեխան, դեռեւս անգիտակից՝ իր ծնողից, առավել եւս մորից այն կողմ ոչինչ չի տեսնում, իր միակ պաշտպանն է տեսնում, այդպես էլ մենք այլեւս որպես գիտակից, իմաստություն եւ գիտելիքներ ստացած մարդիկ պետք է ամբողջ սրտով եւ էությամբ սիրենք մեր Տէր Աստուծուն, մեր Տէր Հիսուս Քրիստոսին, մեզ ստեղծողին եւ կյանք տվողին՝ ինչպես այս աշխարհում, այնպես էլ երկնքում՝ հավիտենական կյանքում։

Աստված է մեզ տվել նաեւ մեր Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակը, որտեղ բազմացել ենք եւ կերտել մեր էությունը, մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր հաղթանակները եւ Աստվածպաշտությամբ ապրել ու հասել այսօրվան։ Մեր հայրենիքի ամեն մի թիզ հողը շնչում է հայեցիությամբ, ամեն մի թուփ ու ծառ, ամեն մի քար ներծծված է հայի աննկուն տոկունությամբ, նրանք կրում են հայի հիշողությունը եւ այն սերնդեսերունդ փոխանցում, որ հայը հավատարիմ մնա իր նախնիների հիշողությանն ու անկոտրում ծառայի մեր Տէր Աստուծուն եւ Հայրենիքին։

Աստված ասում է նաեւ սիրիր Հայրենիքդ, որովհետեւ այն ես եմ քեզ պարգեւել եւ պահիր, պահպանիր, փայփայիր եւ պաշտպանիր, ինչպես Ես եմ քեզ պահում, պահպանում եւ փայփայում։ Այսինքն, Աստված իրենից հետո դնում է Հայրենիքի կարեւորությունը, որպես ազգ իրեն հավաքականորեն ծառայելու միակ միջավայրը։ Արարիչը մեր համար է ստեղծել այս Հայրենիքը, այսպիսի մեծ պատվի արժանացրել մեզ, ուստի դեն նետենք չարի կամակատարներին, որոնք այսօր Հայոց իշխանության գլխին են, եւ անընդհատ տարբեր դրսեւորումներով պայքարում են Աստուծու դեմ, առաջ են տանում մեր ժողովրդին այլասերելու (ցավոք սրտի, մի հատվածին կարողացել են մոլորեցնել) եւ անհայրենիք դառնալու ցնորամիտ գաղափարն ու այդ հատվածի միջոցով օտարին՝ չարին ծառայելու անԱստված ընթացքին։

Հետեւաբար, այն շերտը, որի համար Աստված եւ Հայրենիքը վեր են ամեն անձնականից, մնում է անզիջում պայքար մղել, հեռացնել այս անԱստվածներին պետության ղեկից եւ կառավարման ղեկին կարգել Աստվածավախ ու Աստուծու պատվիրաններով առաջնորդվող հայորդիների եւ վերականգնել Հայոց պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` Աստուծո տված սահմաններում։

Տէ´ր Աստված, ողորմեա ազգիս Հայոց,

Տէ´ր, տուր կամք ազգիս Հայոց ապաշխարելու եւ առ Քեզ գալու եւ

դիմակայերու չարին։

Տէ´ր, մաքրիր տունս Հայոց նախարարաց բոլոր անարժաններից եւ

կարգիր կառավարիչներ տանս Հայոց նախարարաց Քո պատվիրաններով շարժվող եւ

Քո առաջ խոնարհվող Քո ընտրեալ զավակներից Հայոց։ Ամէն։

Մեխակ Գաբրիելյան

«Առավոտ» օրաթերթ
08.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment