Սմբուկը (բադրիջան) շատերիս սննդակարգում իր հիմնավոր տեղն ունի՝ կարծես միշտ այդպես է եղել, բայց ժամանակին հին հույներն ու հռոմեացիներն այն անվանում էին «կատաղության խնձոր»՝ համարելով, որ դրա սիստեմատիկ օգտագործումը հասցնում է խելագարության: Ոչ մի ապացույցով չհաստատված այդ նախապաշարմունքը շատ երկար ժամանակով կասեցրել էր սմբուկի տարածումը Եվրոպայում:
Միայն Հարավային Ամերիկան հայտնաբերելուց հետո, որտեղ տեղացիները նույնպես աճեցնում էին այդ բանջարեղենը՝ անվանելով այն «բադիդջան», եվրոպացիները հանգամանորեն ծանոթացան այդ բույսի հետ և սկսեցին մշակել որպես սննդամթերք: «Բադիդջանից», հավանաբար, առաջացել է ռուսական «բակլաժան» անվանումը՝ հայերենում էլ ենթարկվելով հնչյունափոխության և դառնալով «բադրիջան»։ Չխորանալով բույսի պատմալեզվաբանական ակունքների մեջ՝ մենք առանձնացրել ենք սմբուկի այն օգտակար հատկությունները, որոնք, ըստ գիտական հետազոտությունների, նպաստում են մարդու առողջության բարելավմանը։
1. Սմբուկը հարուստ է սննդանյութերով
Սմբուկը համարվում է սննդանյութերով հարուստ մթերք․ այն համեմատաբար քիչ կալորիաների պայմաններում պարունակում է բջջանյութ, վիտամիններ և հանքանյութեր։
100 գրամ հում սմբուկը մոտավորապես պարունակում է՝
- Կալորիաներ՝ 26 կկալ
- Ածխաջրեր՝ 5,4 գ
- Բջջանյութ՝ 2,4 գ
- Սպիտակուց՝ 0,85 գ
- Մանգան՝ 0,106 մգ
- Կալիում՝ 222 մգ
Սմբուկը պարունակում է նաև փոքր քանակությամբ այլ սննդանյութեր, այդ թվում՝ նիացին, մագնեզիում և պղինձ։
2. Հարուստ է հակաօքսիդանտներով
Բացի տարբեր վիտամիններից և հանքանյութերից՝ սմբուկը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։
Հակաօքսիդանտներն այն նյութերն են, որոնք օգնում են օրգանիզմին պաշտպանվել ազատ ռադիկալների առաջացրած վնասներից՝ նպաստելով հյուսվածքների վնասվածքների վերականգնմանը։
Սմբուկը հատկապես հարուստ է անտոցիաններով՝ հակաօքսիդանտ հատկություններով օժտված պիգմենտներով, որոնք էլ պայմանավորում են մթերքի բնորոշ գույնը․ դրանցից հատկապես ուշագրավ է նասունինը։ Պիգմենտներն ավելի մեծ խտությամբ պարունակվում են սմբուկի կեղևում․ և հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում այդ բանջարեղենը պատրաստել կեղևով։
3. Կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը
Որոշ հետազոտություններ ենթադրում են, որ սմբուկի կազմում առկա հակաօքսիդանտների շնորհիվ դրա օգտագործումը կարող է նպաստել սրտի առողջությանը և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը՝ դրանց հետ կապված բորբոքային որոշ մարկերների մակարդակն իջեցնելով։
4. Կարող է նպաստել արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու հարցում
Սմբուկի ներառումը սննդակարգում կարող է նպաստել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկելու հարցում։
Դրա հիմնական պատճառներից մեկը սմբուկի մեջ պարունակվող բջջանյութի մեծ քանակությունն է։ Բջջանյութը գրեթե չի մարսվում և անցնում է մարսողական համակարգով՝ դանդաղեցնելով սննդից շաքարի մարսումն ու ներծծումը։
Դանդաղ ներծծման արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակն ավելի կայուն է մնում՝ նվազեցնելով կտրուկ տատանումների հավանականությունը։
Այլ հետազոտություններ ենթադրում են, որ սմբուկում առկա պոլիֆենոլները՝ բուսական բնական միացությունները, կարող են նվազեցնել շաքարի ներծծումը և նպաստել ինսուլինի արտազատմանը։ Երկու մեխանիզմներն էլ նպաստավոր են արյան մեջ շաքարի մակարդակը հսկելու գործում։
Սմբուկը համապատասխանում է դիաբետի վերահսկմանն ուղղված սննդային մոտեցումներին, որոնք խորհուրդ են տալիս բջջանյութով հարուստ սննդակարգ՝ ներառելով ամբողջական հացահատիկեղեն և բանջարեղեն։
5. Կարող է նպաստել քաշի նվազեցմանը
Սմբուկը հարուստ է բջջանյութով և քիչ կալորիաներ է պարունակում, ուստի այն կարող է օգտակար բաղադրիչ լինել քաշի նվազեցման համար։
Բջջանյութը դանդաղ է անցնում մարսողական համակարգով և կարող է երկար ժամանակ պահպանել հագեցվածության զգացումը՝ արդյունքում նվազեցնելով սնվելու ցանկությունը։
6. Կարող է ունենալ հակաքաղցկեղային ազդեցություն
Սմբուկը պարունակում է մի շարք միացություններ, որոնք գիտնականների հետաքրքրության առարկան են դարձել իրենց հնարավոր հակաքաղցկեղային ազդեցության շնորհիվ։ Դրանցից են սոլասոդին ռամնոզիլ գլիկոզիդները՝ միացություններ, որոնք հանդիպում են մորմազգիների ընտանիքի որոշ բույսերում, այդ թվում՝ սմբուկի կազմում։
Բջջային և լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ հիշյալ միացությունները կարող են նպաստել քաղցկեղային բջիջների ոչնչացմանը և որոշ դեպքերում նվազեցնել ուռուցքի կրկնության հավանականությունը։
Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ այս ոլորտում հետազոտությունները դեռ սահմանափակ են, և լաբորատոր պայմաններում ստացված արդյունքները չեն նշանակում, որ սմբուկի օգտագործումը կարող է բուժել կամ կանխել քաղցկեղը մարդկանց մոտ։
Ընդհանուր առմամբ, մրգերով և բանջարեղենով հարուստ սննդակարգը կապված է որոշ քաղցկեղների ավելի ցածր ռիսկի հետ։
7. Հեշտ է ներառվում սննդակարգում
Սմբուկը բավականին բազմակողմանի մթերք է և հեշտությամբ կարելի է ներառել ամենօրյա սննդակարգում՝ ամենատարբեր ուտեստների տեսքով։
Սմբուկը կարող է նաև փոխարինել որոշ ավելի բարձր կալորիականությամբ բաղադրիչների։ Այդ կերպ հնարավոր է նվազեցնել ուտեստի կալորիականությունն ու ածխաջրերի քանակը՝ միաժամանակ ավելացնելով բջջանյութի և այլ սննդանյութերի պարունակությունը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Ժ․Ի․ Օրլովա, «Ամեն ինչ բանջարեղենի մասին», Healthline.com
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: