Իբրև թե դեպի Եվրոպա ձգտող ՔՊ-ական իշխանությունը ընտրել է մի մոտեցում, որով գնացել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Նեպալը. Մարիաննա Ղահրամանյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընտրվել եմ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ և որպես ընդդիմադիր պատգամավոր, ուզում եմ հավաստիացնել, որ օգտագործելու եմ ինձ հասանելի բոլոր լծակները՝ նպաստելու Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը բարձրաձայնելու, խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար: Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում և այս առումով չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանզմների կիրառումը:

Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է սահմանափակվի միայն օրենքների նախագծերի քննարկմամբ, պետք է լինի պրոակտիվ և արձագանքի բոլոր այն իրավիճակներում, որտեղ հատվում է թույլատրելիի սահմանը:

Առաջիկայում խորհրդարանը քննարկելու է Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը` բջջայն հեռախոսների IMEI կոդերը գրանցելու և վերահսկելու նախագիծը: Առաջին հայացքից անմեղ թվացող նախագիծը, որը ներկայացվում է ստվերի դեմ պայքարի սոուսով, լրջագույն խնդիրներ է առաջացնում անհատական տվյալների պաշտպանության հետ կապցած: Առաջարկվում է ստեղծել է տվյալների բազա, որտեղ կապվելու են անձի անձնական տվյալները, IMEI կոդը և բոլոր SIM/eSIM քարտերը, ինչը փաստացի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ տոտալ վերահկողություն է տալիս իշխանություններին՝ թույլ տալով ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իբրև թե դեպի Եվրոպա ձգտող ՔՊ-ական իշխանությունը ընտրել է մի մոտեցում, որով գնացել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Նեպալը:

Անկախ նրանից, թե որ հանձնաժողով կգնա այս նախագիծը, լինելու եմ հետևողական քննարկումների ընթացքին։ ՀՀ-ում անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության գաղտնիության իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է»։

Leave a comment