Վանաձորն ու Արարատը կխոշորացվեն, ՏԻՄ ընտրությունները՝ 2027-ին․ նախագիծն ԱԺ-ում է

Վերջին օրերին տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ հնարավոր է ՏԻՄ ընտրությունները հետաձգվեն Վանաձորում և Մասիսում, և որ այս հարցով օրենսդրական նախագիծը գտնվում է ԱԺ-ում։

Aravot.am-ը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ են այդպիսի նախագծից, պատգամավորները նշեցին, որ կփորձեն ճշտել՝ արդյոք նման նախաձեռնություն կա՞, թե՝ ոչ, սակայն նշեցին, որ տեղյակ չեն։

Aravot.am-ը, ուսումնասիրելով ԱԺ կայքէջը, շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցեր բաժնում 24․08․2026 ամսաթվով գտավ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որում մասնավորապես առաջարկվում է, որպեսզի օրենքի 3․6-րդ մասը լրացվի հետևյալ բովանդակությամբ․ «ՀՀ Արարատի մարզի Արարատ, Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ավագանու ընտրությունները նշանակվում են համապատասխան մարզպետի որոշմամբ: Ընտրություններն անցկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2027 թվականի համար սահմանված ընտրական օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները։ Մինչև առաջին նիստի գումարման պահը, որով սկսվում են նորընտիր համայնքների ավագանիների լիազորությունների ժամկետները, նախորդ գումարման տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները շարունակվում են պահպանվել»:

Առաջարկվող այս փոփոխության համար որպես հիմնավորում նշվում է նշված համայնքների խոշորացման գործընթացը։ Առաջարկվում է ստեղծել հետևյալ համայնքները՝ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնք, որում ներառվելու են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով, ՀՀ Lոռու մարզի Վանաձոր համայնք, որում ներառվելու են ներկայիս Վանաձոր և Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով  22 բնակավայրերով։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Արարատի մարզի Արարատ և Վեդի, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման մոդելով: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու նպատակն է՝ վերոնշյալ խոշորացված համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել և նոր ձևավորվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամկետների վերաբերյալ տալ իրավակարգավորումներ»։

Մասնավորապես նախագծով սահմանվում է, որ ընտրություններն անցկացվում են ԿԸՀ-ի կողմից 2027-ի համար սահմանված ընտրական օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ՀՀ Ընտրական օրենսգրքի սահմանված ժամկետները։ Մինչև առաջին նիստի գումարման պահը, որով սկսվում են նորընտիր համայնքների ավագանիների լիազորությունների ժամկետները, նախորդ գումարման տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները շարունակվում են պահպանվել:

Նախագծում նաև ամրագրված է․ «Հարկ է նշել, որ Արարատ, Վանաձոր, Փամբակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարինների ընտրությունները ԿԸՀ-ի կողմից նշանակվել և կայացել են 05․12․2021թ․, իսկ Վեդի համայնքում՝ 27․03․2022թ․։  Ընդ որում, Վեդի համայնքում համայնքի ավագանին իր լիազորությունները ստանձնել է 28․04․2022թ․, Արարատ համայնքում՝ 08․02․2022թ․, Վանաձոր համայնքում՝  14․12․2022թ․, Փամբակ համայնքում՝ 20․12․2021թ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment