ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը

 

ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային վեճի շրջանակում ուժի մեջ են մտել Օտտավայի կառավարության կողմից ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ սահմանված պատասխան մաքսատուրքերը։ Սեպտեմբերի 8-ից Կանադան ամերիկյան պողպատի և ալյումինի արտադրանքի, կաթնամթերքի և մի շարք այլ ապրանքների նկատմամբ սահմանել է 15-50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր, գրում է DW-ն։

Ծովամթերքի որոշ տեսակներ բացառվել են սկզբնական ցանկից։ Սահմանված մաքսատուրքերի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար, նշում է AFP-ն։

Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր արգելել կանադական Bombardier ընկերության ինքնաթիռների վաճառքը Միացյալ Նահանգներում։ Իր Truth Social առցանց հարթակում կատարած գրառման մեջ նա կոչ է արել Քվեբեկում գործող ընկերությանը ինքնաթիռներ արտադրել ԱՄՆ-ում։ «Եթե նրանք ցանկանում են մուտք գործել մեր շուկա, ապա պետք է այստեղ արտադրեն»,- գրել է Թրամփը։

Իր հերթին, Մոնրեալում կենտրոնակայան ունեցող կանադական արտադրողը նշել է, որ ԱՄՆ-ում իր գործունեության շնորհիվ երկրում ստեղծվել են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, իսկ ամերիկյան մատակարարներից գնումների տարեկան ծախսերը գերազանցում են 2,5 միլիարդ դոլարը։

ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային հակամարտությունը սրվել է օգոստոսին՝ բանակցությունների ձախողումից հետո։ Օգոստոսի 22-ի գիշերը ԱՄՆ-ը Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ սահմանել էր 50 տոկոս մաքսատուրք՝ գինու, կահույքի, կաթնամթերքի, ցեմենտի, հագուստի, ձկնորսական կարթերի և հոկեյի պարագաների համար։ Նոր միջոցներն ուժի մեջ էին մտել այն բանից հետո, երբ երկու երկրների ներկայացուցիչները Վաշինգտոնում երեք օր տևած բանակցությունների ընթացքում չէին կարողացել համաձայնության գալ նոր առևտրային համաձայնագրի շուրջ։

Ի պատասխան՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին օգոստոսի 22-ին հայտարարել էր հակամիջոցների ներդրման մասին։ Նա ասել էր, որ իր կառավարությունն այդ քայլը ձեռնարկում է «դժկամությամբ»։ «Մենք հասկանում ենք, որ սա կհանգեցնի գների բարձրացման և կանադացիների համար ընտրության ավելի քիչ հնարավորությունների»,- ասել էր Քարնին։ Ավելին, «որոշ ամերիկյան ընկերություններ և նահանգներ անմեղ դիտորդներ են մի վեճում, որը նրանք չէին ուզում»,- հավելել էր նա։

Կանադայի վարչապետը ավելի վաղ բանակցությունների խափանման համար մեղադրել էր ԱՄՆ-ի կողմից առաջարկված պայմանների վերջին րոպեի փոփոխություններին, որոնք «անարդար էին, ոչ շուկայական և կասկածի տակ էին դնում ցանկացած գործարքի հուսալիությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment