Վահան Կոստանյանը և Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը ընդգծել են առևտրատնտեսական և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության կարևորությունը

Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրով նախանշված ուղղություններով համագործակցության առաջմղմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։

Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև առևտրատնտեսական և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններ:

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment