Թուրք ընդդիմադիր պատգամավորն Անիից խոսել է հայ-թուրքական սահմանային առևտրի մասին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ CHP-ի Կարսից պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է պատմական Անիի հնագիտական տարածք։

Թուրքիայի և Հայաստանի սահմանի զրոյական կետ այցելելուց հետո Ալփն անդրադարձել է տարածաշրջանում ընթացող գործընթացներին, նշել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացները կարևորել են Թուրքիայի՝ անվտանգության կենտրոն դառնալու նշանակությունը, հայտնում է Factor.am-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով:

Պատգամավորը նաև շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները երկարատև խաղաղության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը:

«Ինչպես գիտեք, Անի հին քաղաքը 2016 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Մեր դիմաց, ջրի մյուս կողմում, գտնվում է Հայաստանի տարածքը։ Կամուրջը, որը տեսնում եք, պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջն է, որը մենք հույս ունենք, որ կդառնա «Խաղաղության կամուրջ»: Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները լուծվեն երկարատև խաղաղությամբ, որ Թուրքիան դառնա անվտանգության գոտի, և որ մեր և Հայաստանի միջև սահմանային առևտուրը վերսկսվի»,-ասել է նա:

Ալփը հավելել է, որ Կարսի բնակիչները ցանկանում են, որպեսզի տարածաշրջանային կարգավորմանն ուղղված այդ ջանքերն անպայման դրական արդյունքներ տան։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։

Leave a comment