Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում նախատեսված մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի անմիջական շփումները, այլև ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ին հասանելի հնարավորությունները, հայտնում է Aysor.am-ը:
«Կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել խոչընդոտները վերացնելու համար։ Մենք բողոքել ենք և հույս ունենք ու վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն»,-ասել է նա:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։
Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։