«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանը: 20-րդ համերգաշրջանի մասին այնքան է խոսվել, որ կարիք չկա նորից անդրադառնալու, բայց ես կառանձնացնեմ գլխավոր միջոցառումը, որը պատմական էր Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում, որովհետեւ կարողացանք ապացուցել, որ ՀՀ քաղաքացիները եւ դասական երաժշտության ունկնդիրը սակավաթիվ չէ: Խիզախելով՝ որոշեցինք մեծ համերգն իրականացնել մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում»,- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի մեկնարկի մամուլի ասուլիսին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Նրա ձեւակերպմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր համար առանձնանում է իր բազմաֆունկցիոնալ լինելով, այն ժամանակակից նվագախմբի իսկական մոդել է:
«21-րդ համերգաշրջանին մենք ունենք աշխարհահռչակ սոլիստներ: Համերգաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 9-ին՝ Բեհզոդ Աբդուրաիմովի հետ, որն աշխարհի լավագույն 10 դաշնակահարների ցանկում է, ունենք Ալիս Սառա, Կամիլ Թոմա, Թիմոթի Ռիդաութ եւ այլք, անուններ, որոնց հետեւում է աշխարհը: Դասական ժանրի նման աստղեր հրավիրելով՝ մենք Հայաստանը դնում ենք այն մշակութային քարտեզին, որտեղ ես՝ որպես կատարողական երաժշտության ներկայացուցիչ, ուզում եմ տեսնել Հայաստանը»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Մաեստրոյի խոսքով, նվագախումբն էլ ունի շատ մեծ լսարան եւ նվագախմբին շատ են սպասում արտասահմանում: Նա նաեւ ընդգծեց, որ ունեն առաքելություն՝ Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել հայ կոմպոզիտորներին, այս համերգաշրջանը նույնպես բացառություն չէ հայկական ժառանգությունը ներկայացնելու առումով: Սերգեյ Սմբատյանի խոսքով, Տերտերյանի, Խաչատրյանի եւ մյուս մեծանուն կոմպոզիտորների, այդ թվում՝ ժամանակակիցների՝ Մանսուրյանի, Ուլիխանյանի եւ այլոց, ժառանգությունը փոխել է մեր աշխարհընկալումը, որի շնորհիվ նաեւ Հայաստանն են ճանաչում:
«Ունենք փայլուն ծրագրեր, նաեւ դժվար ծրագրային ցանկություններ, որոնք պետք է հաղթահարենք»,- ասաց Սերգեյ Սմբատյանը: Հայտնեց, որ, օրինակ, աշխարհահռչակ դիրիժոր Իոն Մարին է ժամանելու Հայաստան: Հավելեց, որ որպես գեղարվեստական ղեկավար՝ շատ ոգեւորված է, քանի որ նման դիրիժորների հետ հանդես գալը հարստացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենսագրությունը:
Պատասխանելով մշակութային դիվանագիտության մասին լրագրողի հարցին՝ մաեստրոն ասաց, որ երբ ունենում են համերգներ Հայաստանից դուրս, մարդիկ ճանաչում են Հայաստանը եւ որ Հայաստանում կա նման բարձրակարգ նվագախումբ, որը նման արտիստների հետ է աշխատում. «Ընկալումը Հայաստանի Հանրապետության մասին փոխվում է: Կատարողական արվեստը այն բարձր նշաձողն է, որը ունենք: Ունենք կոմպոզիտորներ, որոնք ստեղծել են մեր սիմֆոնիզմը, ինչի մասին հաճախ չենք խոսում… Մենք ունենք Մանսուրյան, որին գիտենք որպես կինոերաժշտության հեղինակ, բայց աշխարհը ճանաչում է նրան որպես նոր երաժշտության ստեղծող: Նոր երաժշտություն գրելը բարդ է, աշխարհում կա այդպիսի 10-20 կոմպոզիտոր»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: