«Ես չգիտեմ՝ ինչո՞ւ նեղացավ, որովհետեւ իրենց անգրագիտության մասին խոսեցի խցանումների հարցով։ Ես հարց բարձրացրեցի խցանումների մասին, որովհետեւ Երթեւեկության կազմակերպման կենտրոն են ստեղծել՝ ամսական 41 մլն դրամ աշխատավարձով, այդտեղի տնօրեն դրել են իր զարմիկի ամուսնուն, ով ստանում է 1,8 դրամ աշխատավարձ, բայց մասնագետ չէ»,- Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով ավագանու նիստում իր ու քաղաքապետ Տիգրան Ավինյանի վեճին։
Նա Երեւանում խցանումների մասին լուսանկարներ ցուցադրեց․ «Ամեն օր մենք այս վիճակում ենք, իրենք իրենց ընկերներին, բարեկամներին բերում տնօրեն են սարքում։ Ասում եմ՝ դուք անգրագետ եք, չեք կարողանում անել, դրսից մասնագետ բերեք, Ավինյանը նեղանում է»։
Անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ իր հասցեին հնչեցրած սպառնալիքներին՝ Պեդրո Զարոկյանն ասաց․ «Արդեն մի հատ ելույթից զրկեցին։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նեղվում, ես ընդամենն ասում եմ՝ իրենց արածն անգրագիտություն է»։
Պեդրո Զարոկյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները երթեւեկության ոլորտում հստակ լուծումներ պետք է տան մարդկանց։ «Իրենք հարցը չեն կարողանում լուծել, մենք ամեն օր մեկ ժամ, երկու ժամ խցանումների մեջ ենք, որովհետեւ իրենք չեն կարողանում պրիմիտիվ հարցերը լուծել, ի՞նչ ասեմ։ Երթեւեկության կարգավորման կենտրոնը վեց ամիս է, աշխատում է՝ մի բան արե՞լ են։ Ամսական 41 մլն դրամ տալիս են աշխատողներին, որ խցանումների հարցը լուծեն։ Կենտրոնի ղեկավարը Էդուարդ Այվազյանը Ավինյանի զարմիկի ամուսինն է ըստ լուրերի, Ավինյանը չհերքեց»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: