«Ինչ քրեական գործ ուզում է լինի՝ հետ չենք կանգնելու մեր ճանապարհից»․ Լեւոն Քոչարյան

«Ինչ քրեական գործ ուզում է լինի՝ հետ չենք կանգնելու մեր ճանապարհից»․ այսօր կայացած ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Եթե մեր համար նպատակը լիներ պարզապես կոմֆորտ կյանք ունենալը, վստահաբար, այս ամենի մեջ չէինք լինի, կապրեինք կոմֆորտ կյանքով, բայց երբ հիմքում կա գաղափարը, հայրենիքը, սրտացավությունն ու այն որոշումը, որ սա քո երկիրն է, դու այստեղ ես ապրելու, այստեղ ես արարելու, քո երեխաներն այստեղ պետք է մեծանան, պատասխանատվությունը շատ ավելի մեծ է լինում ու բոլոր ճնշումները դառնում են երկրորդական»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց թիմն ապացուցել է՝ ոչ մի ճնշման տեղի չեն տա։

Պնդեց․ «Մենք շարունակում ենք մնալ այստեղ, ոչ մի վայրկյան չենք մտածել Հայաստանից գնալու մասին»։

Ի դեպ, Լևոն Քոչարյանն ասաց նաեւ, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել եղբորը՝ կալանքի տակ գտնվող Սեդրակ Քոչարյանին․ «Անհասկանալի է, թե ինչու, միայն կինն ու երեխաները կարող են տեսակցել»։

Հորը՝ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու արգելք չպիտի ունենա, թե որպես որդի, թե որպես ԱԺ պատգամավոր։ Այս ընթացքում Լեւոն Քոչարյանը մեկ անգամ է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին․ «Իրենք ինձ պարտավոր են թույլատրել տեսակցել նաև որպես Ազգային ժողովի պատգամավոր, բայց ասում են՝ «մենք քեզ դիտարկում ենք մերձավոր ազգական», այսինք՝ սահմանափակումների լույսի ներքո կարող եմ տեսակցել»։

Ռոբերտ ու Սեդրակ Քոչարյանները տարբեր խցերում են։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտքի պարզությամբ ու ոգու ամրությամբ տարբերվում է բոլոր այն կալանավորներից, որոնց հետ ինքն աշխատել է․ «Երբեք չի ցանկանում խոսել իր անձի մասին, առողջական խնդրի մասին»։

Պատասխանելով իրենց ընտանիքին պատկանող բիզնեսների կապարակնքումների մասին հարցին Լեւոն Քոչարյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչո՞ւ են կանգնեցվել աշխատանքները։ Վստահեցրեց, որ իրենք որեւէ դրամ հարկ չեն թաքցրել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment