Ermenihaber.am – Նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Շուշի։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։
Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին ու անդրադարձել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին: Նա նշել է, որ դրանք պատմության ընթացքում տարբեր փորձություններ են անցել և հասել են իրենց ներկայիս բարձր մակարդակին։
«Մեր եղբայրությունն ավելին է, քան ընդհանուր լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Հենց այդ պատճառով է, որ Բաքվի ուրախությունը համարում ենք Անկարայի ուրախությունը։ 2021-ի հունիսի 15-ին ստորագրած հռչակագրով դաշնակցային մակարդակի հասցված մեր եղբայրությունը թուլացնել ցանկացողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը, երբեք չեն հասնելու իրենց նպատակներին։ Աստծո կամոք՝ մեր միասնությունը հավերժ է լինելու»,-նշել է նա։
Էրդողանը նաև հայտնել է, որ իրենք ողջ կարողություններով աշխատում են այս տեսլականը նաև թյուրքական աշխարհում ամրապնդելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ներկայիս բարձր մակարդակը իրենց ընդհանուր կամքի ու ջանքերի ամենաակնառու արդյունքն է։
Այս համատեքստում նա շեշտել է․ «Այսօր մեր առջև դրված խնդիրն է մարտի դաշտում ձեռք բերված «հաղթանակը» պսակել կայուն խաղաղությամբ և կայունությամբ։ Ինչպես աջակցել ենք Ադրբեջանի արդար պայքարին, այնպես էլ աջակցում ենք տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նրա անկեղծ ջանքերին»։
Թուրքիայի նախագահը նաև խոսել է 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում ձևավորված իրավիճակի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի հաղթանակը նոր ժամանակաշրջանի դուռ է բացել տարածաշրջանում։
Էրդողանը բարձր է գնահատել Ղարաբաղի «վերակառուցման» ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերը՝ նշելով, որ Թուրքիան շարունակելու է կիսվել իր փորձով և աջակցել վերակառուցման ու զարգացման ջանքերին։ Նա հայտնել է, որ վերջերս Ջաբրաիլում բացվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջազգային անտառտնտեսական ուսումնական կենտրոնն ու տնկարանային համալիրը, իսկ Աղդամում մեկնարկել է դպրոցի շինարարություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: