Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ լրատվամիջոցի` իրենց ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնել են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։

«Որոշ կառուցապատողներ ստիպված են բառացիորեն տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար»,–գրում է թերթը։

Այս ֆոնին Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։

Թերթն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ ցեմենտի շուկայում խնդիրներ են ծագել հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի ցեմենտի շուկայի երկու խոշոր խաղացողների` «Արարատցեմենտի» և «Հրազդան ցեմենտի» շուրջ էական փոփոխություններ են տեղի ունենում։

Հիշեցնենք` նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։

Հուլիսի 6-ին իրավապահները ներխուժեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ իրականացրին։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, հուլիսի 30–ին Դավիթ Գևորգյանը նշանակվեց «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի կառավարիչ։

Sputnik Արմենիա

Leave a comment