Մակրոնը ԵՄ-ին առաջարկել է արգելել մինչև 15 տարեկանների մուտքը սոցցանցեր (PAN.am)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ խնդրելով մշակել «եվրոպական օրենսդրական ակտ», որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից։ Այս մասին հայտնի է դարձել օգոստոսի 29-ի նամակից, որին AFP գործակալությունը ծանոթացել է սեպտեմբերի 7-ին։

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օգոստոսի 14-ին արգելափակել է համապատասխան ազգային օրենքը։ Երկրի սահմանադրական վերահսկողության բարձրագույն մարմինն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ այդ դրույթը խախտում է խոսքի ազատությունը, հայտնում է Deutsche Welle-ն:

Մակրոնը, որը 2027 թվականի ապրիլյան ընտրություններից հետո պետք է հեռանա պաշտոնից, հայտնել է, որ առաջիկա ամիսներին հույս ունի «առաջընթացի ուղի գտնել»՝ ազգային մակարդակում ընդունելով «վերանայված օրենսդրական ակտ», որը «կհամապատասխանի ԵՄ օրենսդրությանը և Սահմանադրությանը»։

Ֆոն դեր Լայենին ուղղված նամակում քաղաքական գործիչը հայտարարել է, որ «այժմ չափազանց կարևոր է ավելի առաջ գնալ և ներդաշնակեցնել այս դրույթը եվրոպական նոր փաստաթղթի միջոցով»։

Reuters գործակալությունը նշել է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը հարված է դարձել երկրի ղեկավարի համար։ Նախագահը վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուին հանձնարարել է պատրաստել օրենքի նոր՝ «իրավական առումով անթերի» նախագիծ։

Օրինագիծն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի առողջապահության ոլորտի վերահսկող մարմինը 2025 թվականի դեկտեմբերին հրապարակված զեկույցում նախազգուշացրել է TikTok-ի, Instagram-ի և Snapchat-ի նման հարթակների՝ երեխաների վրա վնասակար ազդեցության մասին։ Հնարավոր ռիսկերի թվում նշվել են ինքնագնահատականի նվազումը, ինչպես նաև ինքնավնասման, ինքնասպանությունների և թմրանյութերի օգտագործման հնարավոր աճը։ Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր երկրորդ դեռահաս օրական երկուից հինգ ժամ է անցկացրել սմարթֆոնով, իսկ 58 տոկոսն այն օգտագործել է սոցիալական ցանցեր մուտք գործելու համար։

Արգելքի նախաձեռնությունն ավելի մեծ թափ է հավաքել այն բանից հետո, երբ Էմանուել Մակրոնն այն իր պաշտոնավարման վերջին տարվա ներքաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկն է դարձրել։

2025 թվականի դեկտեմբերին Ավստրալիայում մինչև 16 տարեկան անձանց համար արգելափակվել է սոցիալական ցանցերի մեծ մասի հասանելիությունը։

Leave a comment