Մարզային տրանսպորտը չպետք է Երևանում ուղևորափոխադրումներ իրականացնի․ Տիգրան Ավինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ հստակ հանձնարարական եմ տվել՝ մեր տիրույթում է, և Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացնեն մարզային տրանսպորտով»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում։

Նրա խոսքով՝ լինի դա ավտոբուսով, թե միկրոավտոբուսով, մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է․ «Նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում, և դա Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր է ապահովել, Հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարտավոր է ապահովել։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են»,- ասել է քաղաքապետը։

Քաղաքապետը շեշտել է, որ ներքաղաքային տրաֆիկը հանրային ներքաղաքային տրանսպորտի լուծելիք հարցն է․ «Դա մեր տրանսպորտային վարչության խնդիրն է։ Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները»,- ասել է Տիգրան Ավինյանը։

«Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ «Զոնտիկների» մոտից մարդկանց վերցնում է, «հայ-բուդուր» սաղ աշխարհով սիրենները միացել են»,- շեշտել է քաղաքապետը և հավելել, որ Երևան քաղաքում ուղևորափոխադրում պետք է իրականացնեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն և «Մետրոպոլիտենը»։

Leave a comment