«Հրապարակ» թերթը գրում է․ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տարան, ապա կայացվեց նրան կալանավորելու որոշում։ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանների պնդումներին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նա սիմուլյանտ է եւ պետք է նստի ու ունեզրկվի։ Մենք հետաքրքրվեցինք, թե այս պահին որտեղ է գտնվում Գագիկ Խաչատրյանը եւ ինչպիսին է նրա առողջական վիճակը:
Քրեակատարողական ծառայությունից «Հրապարակ»-ին փոխանցեցին, որ Գագիկ Խաչատրյանը գտնվում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում։ Փաստորեն, անգամ կալանավայրերի հիվանդանոց, սանմաս չի տեղափոխվել` կալանավայրերն առաջնորդվում են վարչապետի «ախտորոշմամբ:
Նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար փորձեցինք տեղեկություն ստանալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Տնօրեն Նաիրա Բաբայանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ անձի առողջական վիճակի մասին տեղեկություն տրամադրելու իրավասություն չունեն, եթե անձից համապատասխան թույլտվություն չունեն։ Իբրեւ թե առողջական վիճակի մասին տեղեկությունների գաղտնիության արգելքն է գործում:
Խոսեցինք Խաչատրյանի պաշտպաններից մեկի` Արա Ղազարյանի հետ։ Նա ասաց. «Բուժում չի ստանում, որովհետև իր բժշկին թույլ չեն տալիս գոնե հետազոտել։ Նույնիսկ եթե թույլ տային, ՀՀ-ում այն բուժումը, որն իրեն անհրաժեշտ է և որի մասին խոսվում է արդեն 7 տարի, հնարավոր չէ ապահովել, քանի որ դա ֆիքսվել է բազմաթիվ բժիշկների կողմից, այդ թվում՝ Առողջապահության նախարարության կողմից։ Այն փաստաբանը, որը նրան այցելում է, ի դեպ, նկատի ունեցեք, որ փաստաբանն իր խուց է գնում։ Սովորաբար փաստաբանները չեն կարողանում խուց մտնել։ Այդ աստիճան առանձնահատուկ է վիճակը, որ փաստաբանին թույլ են տալիս գնալ խուց։ Իսկ ինչո՞ւ․ որովհետև նա չի կարող տեղաշարժվել։ Դրան գումարած՝ երբ օմբուդսմենը այցելել է, թե դա է պատճառը, թե այն, որ գիտեն` ՄԻԵԴ ենք դիմել, բարեփոխումների պատրանք են ստեղծել, այնտեղ արագորեն խնամակալ են տրամադրել։ Բայց նա օրը երեք անգամ է այցելում, օգնում է նրան սնվելու հարցում»։
Ըստ Ղազարյանի՝ Գագիկ Խաչատրյանը 24 ժամ պառկած վիճակում է․ «Այն կարծիքը, թե սիմուլյացիա է, անհեթեթություն է։ Ինքը պառկած վիճակում է, ոնց տարել են մեկուսարան, այդ վիճակում է։ Սա ասում է փաստաբանը, որն այցելում է նրան։ Այնտեղ զուգարանն են հարմարացրել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Դա էլ է հերքում այն, որ ինքը սիմուլյանտ է։ Ես այդ տվյալները հավաքում եմ ՄԻԵԴ-ի համար»։
Հարցին՝ արդյոք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն է Խաչատրյանին խնամակալ տրամադրել, Ղազարյանը պատասխանեց՝ ամենայն հավանականությամբ, այո, սակայն, որքան իրեն հայտնի է, նման հաստիք չկա։ «Հիմա՝ թե ինչ-որ հաստիք ստեղծել են, անում են նրա համար, թե կալանքի պայմանները տանելի են։ 2023 թվականի մայիսից նրան արգելվել է ՀՀ-ից դուրս գալ։ Եթե առաջ կարողանում էր գնալ որոշակի խնամք ստանալ, բայց 2023 թվականի մայիսից չի կարողանում ստանալ բուժում։ Հաշմանդամության կարգ են նրան տվել՝ 66 տոկոս ֆունկցիոնալության կորուստ»։
Փաստաբան Արա Ղազարյանը նաև կասկածի տակ է դնում Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանք կիրառելու հիմքերը։ «Պատկերացրեք քննիչին՝ սեղանի շուրջ նստած գրում է՝ կալանքն անհրաժեշտ է, որ նա փախուստի չդիմի։ Պատկերացրեք՝ նրա դիմաց այդ պահին պառկած է մարդ՝ կիսագիտակից։ Այդ մարդը ո՞նց կարող է փախուստի դիմել։ Երկրորդ հիմքը կալանքի՝ դա միջամտելն է։ Այդ գործը շատ հին գործ է, այսինքն՝ միջամտության ռիսկը, որը պետք է լինի հրատապ, վերացել է։ Կամ ո՞նց պիտի միջամտի, երբ մարդը նույնիսկ դժվար է խոսում։ Եթե կա, թող որոշումը փաստերով ցույց տան, ոչ թե վերացական։ ՄԻԵԴ-ը էնքան ա հոգնել կալանքի հարցերով նույն բանը ասելուց, որ արդեն պարզեցված ընթացակարգով որոշում է կայացնում՝ երկու էջով, փաստերն էլ չի շարադրում։ Ասում է՝ փաստերի մեր հետազոտմամբ գործը նույնն է, ինչ բազմաթիվ գործերով, որոնց դեպքերում ասել ենք սա-սա-սա։ Էնքան շատ են կրկնվում ՀՀ-ից անհեթեթ կալանքների վերաբերյալ դիմումները, որ ՄԻԵԴ-ը հարկ չի համարում վճիռը նորմալ գրելու։ Ասում է՝ հարգելի Հայաստան, որքա՞ն կարելի է քեզ նույն բանն ասել»։